
1 փետրվարի 2010 - 16:13 AMT
PanARMENIAN.Net -
Գերտերությունները Թուրքիային դեղին քարտ ցույց կտան, որպեսզի նա քայլեր ձեռնարկի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում մինչ ապրիլի 24-ը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը:
«Բոլորն են հասկանում, որ այդ գործընթացի ձախողումը, որն առաջացավ այնպիսի աշխարհաքաղաքական մթնոլորտում, որտեղ գործնականում լուրջ բախումներ չկան գերտերությունների միջեւ, եւ կա լուրջ առաջընթաց գրանցելու հավանականություն տարածաշրջանային կայունության հաստատման տեսակետից, կարող է խոչընդոտել նման հնարավորությունների առաջացմանն ապագայում»,-ասել է Հ.Դեմոյանը` հավելելով, որ դա հասկանում են այն ուժերը, որոնք սատարում են հայ-թուրքական հաշտեցմանը:
Ըստ նրա, Անկարան երկխոսության գնաց Երեւանի հետ եւ ստորագրեց Արձանագրությունները, ելնելով այն մարտահրավերներից եւ սպառնալիքներից, որոնք Թուրքիայի առջեւ կծառանան 15-20 տարի հետո: «Թուրքիայի նախաձեռնողականությունն արտաքին քաղաքականության ասպարեզում հիմնավորված է հետեւյալ ներքին սպառնալիքներով` այլընտրանքային էներգակիրների խնդիր, քրդական խնդիր, որը կարող է լուծվել կամ դաշնային պետության ստեղծման կամ ցեղասպանության միջոցով, ինչը հայտնի մեթոդ է Թուրքիայի համար, կամ էլ անկախ Քրդստանի ստեղծմամբ: Բոլոր այդ մարտահրավերները կշեռքի նժարների վրա են դնում թուրք-ադրբեջանական հարաբերությունները եւ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը: Եվ երրորդ սպառնալիքը Հայ դատն է», ասել է պատմաբանը:
Անդրադառնալով պաշտոնական Մոսկվայի ճնշմանը Վաշինգտոնի եւ Անկարայի հանդեպ` թանգարանի տնօրենը նշել է, որ Թուրքիան, լինելով հզոր երկիր, կարող է դեմ գնալ ԱՄՆ-ին: «Անշուշտ, Թուրքիան կարող է հակազդել օտարերկրյա ճնշմանը, սակայն Անկարայն հասկանում են, որ նա խնդիրներ կունենա, եթե չտեղավորվի ժամանակային շրջանակներում եւ «դեղին քարտը» կարող է վերածվել «կարմիր քարտի», ինչը կարող է արտահայտվել տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ձեւով»,-ասել է Դեմոյանը:
Ելնելով դրանից` Դեմոյանը ակնկալում է, որ ապրիլի 24-ի շեմին Թուրքիան կփորձի «բարի ձեւանալ»` կազմակերպելով հերթական մինի-շոուն, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ Կոնգրեսի կողմից Դոմոկլյան սրի նման կախված կլինի Անկարայի գլխին:
Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:
Հայ դատը հայերի քաղաքական պատմության, ազգային-ազատագրական շարժման բոլոր խնդիրների ամբողջականությունն է, որոնք սկիզբ են առել XIX դարի երկրորդ կեսից, եւ նպատակ ունի վերականգնել անկախ հայկական պետականությունն իր պատմական հայրենիքում եւ ամբողջ աշխարհի հայերի միավորումը:
Հայ դատն ունի հետեւյալ ասպեկտները` քաղաքական, տարածքային, տնտեսական, ռազմական, ժողովրդագրական, ազգագրական, իրավաբանական, գիտական, պատմամշակութաբանական, բարոյահոգեբանական:
Հայ դատի ամենահայտնի բաղադրիչն այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է Թուրքիայի եւ միջազգային հանրության կողմից:
Հայ դատի բաժանմունքներ կան աշխարհի բոլոր հայկական համայնքներում: ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի քաղաքական գծով ղեկավարն է Կիրո Մանոյանը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: