Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Բորդյուժան քննարկել են Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության հարցերը

Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Բորդյուժան քննարկել են Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության հարցերը

PanARMENIAN.Net -
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը փետրվարի 12-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:



Ինչպես հաղորդել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո գրասենյակից, հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության հեռանկարները:



Առանձնահատուկ կարեւորվել է համագործակցությունը ռազմատեխնիկական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում:



Քննարկվել են նաեւ ՀԱՊԿ տարեկան ծրագրով նախատեսված հարցեր:





ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ:

ՀԱՊԿ-ի անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը: Ըստ պայմանագրի մասնակից պետությունները ապահովում են իրենց անվտանգությունը հավաքական հիմքի վրա: Մասնակից պետություններից մեկի կամ մի քանիսի անվտանգության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանությանը սպառնալիքի առաջացման դեպքում, կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալիքի դեպքոի, մասնակից պետությունները անհապաղ գործի կդնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` դիրքրոշումները համակարգելու եւ առաջացած սպառնալիքի վերացման նպատակով:

Կազմակերպության բարձրագույն մարմինը Հավաքական անվտանգության խորհուրդն է` ՀԱԽ:
Կազմակերպության գլխավոր քարտուղարը բարձրագույն վարչական պաշտոնյան է կազմակերպությունում, որը ղեկավարում է քարտուղարությունը: Նա նշանակվում է ՀԱԽ-ի որոշմամբ անդամ պետությունների քաղաքացիների թվից եւ հաշվետու է Խորհրդին: Ներկայուսմ կազմակերպության գլխավոր քարտուղարը Նիկոլայ Բորդյուժան է:

ՀԱՊԿ-ի միավորված շտաբը մշտապես գործող աշխատանքային մարմին է, որը պատասխանատու է առաջարկությունների նախապատրաստման եւ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի առումով որոշումների իրագործման համար:

ՀԱՊԿ շրջանակում 2001թ. ստեղծվեցին Արագ արձագանքման հավաքական ուժերը: Ուժերը բաղկացած են 10 գումարտակներից` երեքական ՌԴ-ից եւ Տաջիկստանից, երկուական` Ղազախստանից ու Ղրղզստանից: Հավաքական ուժերի ընդհանուր քանակը շուրջ 4 հազար է: Ավիացիոն բաղադրիչը (10 ինքնաթիռ ու 14 ուղղաթիռ) գտնվում է Ղրղզստանի ռուսական ռազմական ավիակայանում:

Լայնամասշտաբ ռազմական հակամարտության դեպքում ՀԱՊԿ անդամ պետությունները պարտավոր կլինեն ներկայացնել իրենց զորամասերը կամ բոլոր իրենց զինված ուժերը հարձակումը ետ մղելու համար:

2004թ. դեկտեմբերի 2-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձեւ է ընդունել ՀԱՊԿ-ին ՄԱԿ-ի ԳՎ-ում դիտորդի կարգավիճակ շնորհելու մասին:

2009թ. փետրվարի 4-ին Մոսկվայում ՀԱՊԿ երկրների առաջնորդները հավանություն տվեցին Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծմանը: Ըստ փաստաթղթի, ԱԱՀՈւ-ն կկիրառվի ռազմական ագրեսիայի ետ մղման, միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության, անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման համար:

2009թ. ապրիլի 3-ին ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչը հայտարարեց, որ Իրանը հեռանկարում եւս կարող է ստանալ դիտորդի կարգավիճակ ՀԱՊԿ-ում:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---