Հայ-եվրոպական խորհրդատվական խորհուրդը կոչ է անում եվրոպական կառույցներին ակտիվություն դրսեւորել հայ-թուրքական գործընթացում

PanARMENIAN.Net -
Հայ-եվրոպական խորհրդատվական խորհուրդը (EAAC) բաց նամակ է հղել եվրոպացի քաղաքական գործիչներին եւ ԵՄ ներկայացուցիչներին, որտեղ կոչ է արել ակտիվորեն ներգրավվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Նամակում, որը հրապարակվել է եվրոպական ԶԼՄ-ներում, խորհուրդը եվրոպական գործիչների ուշադրությունն է հրավիրում այն փաստի վրա, որ գործընթացը ռիսկի է ենթարկվում Թուրքիայի կողմից առաջադրվող նախապայմանների պատճառով:



Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանի եվրոպացի բարեկամները` EuFoA կազմակերպությունում, Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկուին, ԵՄ-ի արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնին, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Գաբրիելա Ալբերտինիին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին, Հարավային Կովկասի գծով Եվրախորհրդարանի պատվիրակության նախագահին հասցեագրված նամակում, մասնավորապես, ասվում է.

«Ինչպես հայտնի է, Թուրքիայի ու Հայաստանի հարաբերություններում այժմ պատմական բեկումնային պահ է, որը մեծ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի դիվանագիտական ու ռազմավարական ապագայի վրա: Մենք գտնում ենք, որ Արձանագրությունների ստորագրումը իրապես պատմական գործընթաց է, որը թույլ կտա ապահովել տարածաշրջանի անվտանգությունը: Սակայն, թվում է թե այդ մերձեցումը զսպվում է քաղաքական կամքի բացակայության պատճառով եւ փորձ է արվում խեղաթյուրել Արձանագրությունների սկզբունքները:



Մտահոգ լինելով վերջին գործընթացներով, Հայ-եվրոպական խորհրդատվական խորհուրդը հայտարարում է, որ Թուրքիան ու Հայաստանը պետք է շարունակեն Արձանագրությունների վավերացմանն ուղղված քայլերն առանց նախապայմանների: Խորհուրդը կոչ է անում բոլոր կառույցներին ակտիվություն դրսեւորոել հայ-թուրքական գործընթացում, հատկապես, կոչ է անում Ադրբեջանին միանալ այդ ջանքերին: Խորհուրդը ուշադրություն է դարձրել ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության վրա, որը ողջունել է ՀՀ ՍԴ որոշումն Արձանագրությունների վերաբերյալ եւ կոչ է անում բոլոր համապատասխան եվրոպական ինստիտուտներին հանդես գալ նմանատիպ հայտարարությամբ, ինչպես նաեւ ընդգծել, որ դատարանի որոշումը ճանապարհ է բացում Արձանագրությունների վավերացման համար:



Մենք կոչ ենք անում ՀՀ կառավարությանն ու Սփյուռքին հակազդել թուրք կառավարության Արձանագրությունները Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապելու փորձերին: Մենք խորհուրդ ենք տալիս բոլոր կողմերին հրաժարվել պոպուլիզմից Թուրքիայի ու Հայաստանի միջեւ այս պատմական գործընթացում»:





Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---