Լոնդոնում Սերժ Սարգսյանը մասնակցել է Արշիլ Գորկու ցուցահանդեսի բացմանը

PanARMENIAN.Net -
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը Լոնդոնի «Թեյթ» ժամանակակից արվեստների թանգարանում: Նախագահ Սարգսյանը շրջել է պատկերասրահում, ծանոթացել մեծանուն հայ նկարչի կտավների ամբողջական հավաքածուին: Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ «Թեյթ» ժամանակակից արվեստների թանգարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Բրիթիշ փեթրոլեում» խմբի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Լորդ Բրաունի մասնակցությամբ տեղի է ունեցել ընթրիք, որին մասնակցել են նաեւ Մեծ Բրիտանիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ:



Լոնդոնում Հայաստանի Հանրապետության Նախագահն այսօր առավոտյան տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ ելույթ է ունեցել Միջազգային հարաբերությությունների թագավորական ինստիտուտում (Chattam House), որտեղ անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, տարածաշրջանային օրակարգի հիմնական խնդիրներին, պաատասխանել ներկաների հարցերին:



Օրվա երկրորդ կեսին Հայաստանի Նախագահին կընդունի Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, նախատեսված են նաեւ Սերժ Սարգսյանի հանդիպումները արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդի եւ Արքայազն Չարլզի հետ:



Արշիլ Գորկին

Արշիլ Գորկին` Ոստանիկ Ադոյանը ծնվել է Վանի մերձակա Խորգոմ գյուղում 1902--1905թթ. միջեւ: Գորկին լքել է Վանը 1915թ. Հայոց ցեղասպանության հետեւանքով եւ մոր ու 3 քույրերի հետ անցել է Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածք: 1919թ. Գորկու մայրը վախճանվում է սովից Երեւանում, իսկ Գորկին մեկնում է ԱՄՆ, հոր մոտ: Որոնելով իրեն, նա փոխում է անունը, դառնալով Արշիլ Գորկի, այդպիսով ակնարկելով իր սիրած գրող` Մաքսիմ Գորկուն: 1922թ. Գորկին ընդունվում է Բոստոնի Դիզայնի նոր դպրոցը, սկզբում նկարում է իմպրեսիոնիստների ազդեցության ներքո, ավելի ուշ` պոստիմպրեսիոնիստների (այդ ժամանակ նա բնակվում է Նյու Յորքում): Գորկու առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել Մելոնի պատկերասրահում 1931թ.: 1930-ականներին Գորկին սերտորեն համագործակցում է Ստյուարտ Դեւիսի, Վիլլեմ դը Կունինիգի եւ Ջոն Գրեմի հետ: 1944թ. նա ծանոթացավ Անդրե Բրետոնի եւ հայտնի այլ սյուրռեալիստների հետ: \r\n\r\nԳորկին միաժամանակ պատկանում է եւ սյուրռեալիզմին (նա խմբի վերջին անդամն էր) եւ աբստրակտ էքսպրեսիոնիզմին, որի հիմնադիրներից մեկն է համարվում: \r\n\r\nԱռավել հայտնի են Գորկու հետեւյալ նկարները` «Նկարչի եւ նրա մոր դիմանկարը» (1926-36թթ.), «Բնանկար Սեզանի ոճով» (1927), «Ինքնադիմանկար» (1937), «Կազմակերպություն» (1933-36),«Կոմպոզիցա» (1936-39),«Այգի Սոչիում» (1943), «Աքլորի լյարդն ու կատարը», «Ինչպես է իմ մոր ասեղնագործ գոգնոցը ծավալվում իմ ճակատագրում» (1944), «Բարի հույսի փողոցը» (1945), «Հոգեվարք», «Նշանադրություն 2» (1947) եւ այլն: \r\n44 տարեկանում Գորկին ինքնասպան է եղել: \r\n\r\nԳորկին համարվում է XX դարի ամերիկյան ամենաազդեցիկ նկարիչներից մեկը, նրա նկարները ցուցադրվում են ԱՄՆ բոլոր խոշորագույն պատկերասրահներում, ինչպես նաեւ Լոնդոնի «Թեյթ» պատկերասրահում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---