Ադրբեջանն ոտնահարում է հայ զինծառայողների տարրական իրավունքները

PanARMENIAN.Net -
Կասկածելի քարոզչական դիվիդենդներ ստանալու նպատակով Ադրբեջանի իշխանությունները շարունակում են շահարկել ռազմագերիների մարդասիրական խնդիրը` լկտիաբար մանիպուլյացիաների ենթարկելով ադրբեջանական գերության մեջ հայտնված հայազգի քաղաքացիներին: Այս մասին ասվում է Ռազմագերիների, անհայտ կորածների եւ պատանդների հարցերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանձնաժողովի հայտարարության մեջ:



«Վերջին, առավել քան ակնառու օրինակ է ադրբեջանական կայքերում շրջանառվող տեսահոլովակը, որտեղ գործող անձինք հաստատում են «հայկական բանակում տիրող անտանելի պայմանների եւ Ադրբեջանում հարմարավետ կյանքի» մասին:

Անշուշտ, անգամ Ադրբեջանում գիտակցում են, որ նման «խոստովանությունները» տեղի հատուկ ծառայությունների գործունեության արդյունք են եւ մեղքն ուրիշի վրա բարդելու միանգամայն անհաջող փորձ:



Սակայն մտահոգության տեղիք է տալիս տվյալ երեւույթի մեկ այլ կողմը: Ցինիկաբար օգտագործելով հայ ռազմագերիներին եւ, փաստորեն, նրանց ծաղրի առարկա դարձնելով` Ադրբեջանի իշխանությունները ոտնահարում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես` Ժնեւյան կոնվենցիաները, որոնք տվյալ կատեգորիայի անձանց հետ վարվելու որոշակի կանոններ են սահմանում:



Այս կապակցությամբ տեղին ենք համարում հիշեցնել, որ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմն անընդհատ խախտել է Ժնեւյան կոնվենցիաների կանոնները, մասնավորապես` հրաժարվելով ԼՂՀ իշխանություններին տեղեկություններ հաղորդել գերիների մասին, անտանելի պայմաններ ստեղծելով ռազմագերիների եւ պատանդների համար, նրանց ենթարկելով ծաղրի ու խոշտանգումների, ինչի արդյունքում նրանցից շատերը զոհվել են:



Միաժամանակ, արդեն 1992թ. գարնանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հայտարարել է Ժնեւյան կոնվենցիաների լրացուցիչ արձանագրությունների լիակատար ճանաչման եւ դրանց դրույթները անպայմանորեն կատարելու մասին: ԼՂՀ իշխանությունների կողմից Ժնեւյան կոնվենցիաներին անվերապահորեն հետեւելը բազմիցս հաստատել են միջազգային իրավապաշտպան եւ մարդասիրական կազմակերպություններ, այդ թվում նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:



Ելնելով վերոնշյալից` ռազմագերիների, անհայտ կորածների եւ պատանդների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովը խիստ քննադատում է պաշտոնական Բաքվի կողմից ռազմագերիների եւ պատանդների նման բացարձակ մարդասիրական խնդրի քաղաքականացումը:



Միաժամանակ, կոչ ենք անում շահագրգիռ միջազգային կառույցներին եւ առաջին հերթին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին համապատասխան կերպով արձագանքել ադրբեջանական կողմի նման գործողություններին եւ համառորեն խորհուրդ տալ հարգել մարդու տարրական իրավունքները»,-ասվում է հայտարարությանն մեջ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---