Հայաստանին անհրաժեշտ է խեջավորման որոշակի գործիք

Հայաստանին անհրաժեշտ է խեջավորման որոշակի գործիք

PanARMENIAN.Net - Առեւտրային բանկերում դրամի որոշակի բազայի առկայության դեպքում Հայաստանի համար խեջավորման որոշակի գործիք է անհրաժեշտ, կարծում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: «Խեջավորման գործիքը շատ կարեւոր է, ցավոք սրտի Հայաստանում այն չի գործում»,- ասել է նա Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով, ճգնաժամի պայմաններում միջազգային խեջ-հիմնադրամները որոշակի դժվարություններ են կրել, դրա համար 2009-ն ամենալավ տարին չէր Հայաստանում նման հիմնադրամ ստեղծելու համար: «Սակայն դրա անհրաժեշտությունը կա. դրամի բազան Հայաստանում դեռեւս բավարար չէ, բանկերը ստիպված ներգրավում են դրամական միջոցներ արտարժույթով իրենց հաճախորդների վարկային պահանջմունքները բավարարելու համար: Այստեղից էլ առաջանում է արտարժույթով վարկային միջոցների առկայությունը, դրա համար խեջավորման որոշակի գործիքներ Հայաստանի համար անհրաժեշտ են»,- նշել է նա:

Դրա հետ կապված Ստեփան Գիշյանն ավելացրել է, որ Հայաստանի կենտրոնական բանկը 2009-ին որոշ առումով ռիսկի է դիմել` հատկացնելով մասնավոր բանկերին դրամական միջոցներ, ինչը դրական ազդեցություն է թողել երկրի բանկային ոլորտի վրա եւ մասնակի լուծել դրամային միջոցների անբավարարությունը առեւտրային բանկերում:

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկն ստեղծվել է 1996 թ. Եվրոպական Միության TACIS ծրագրի շրջանակներում` եվրոպական կոոպերատիվ բանկերի մոդելով: Սկզբնական շրջանում բանկի գործունեությունն ուղղված էր Հայաստանի գյուղատնտեսության ֆինանսավորմանը:

2006 թ. սեպտեմբերին CREDIT AGRICOLE ֆրանսիական բանկային խումբը ձեռք բերեց Հայգյուղփոխբանկ (ACBA բանկ) բաժնետոմսերի 28 %-ը եւ ACBA բանկը վերանվանվեց «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ: Ներկայում բանկը տրամադրում է բանկային բազմատեսակ ծառայություններ, SWIFT վճարահաշվարկային համակարգի անդամ է, միջազգային VISA քարտային վճարային համակարգի լիիրավ եւ տեղական ,ArCaե քարտային վճարային համակարգի հիմնադիր անդամ, ինչպես նաեւ գյուղատնտեսական բանկերի միջազգային կոնֆեդերացիայի CICA Հայաստանի բանկերի միության անդամ:

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն Visa International ընկերակցությունից ստացել է լիիրավ անդամության (Principial Membership Licence) եւ առեւտրի ու սպասարկման կետերի ներգրավման (Merchant Acquiring) արտոնագրեր:

Բանկն ունի 36 մասնաճյուղ (ներառյալ գլխավոր գրասենյակը), որոնցից 6-ը Երեւանում է, մյուս 10-ը` Հայաստանի մարզերում: «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի» գլխավոր գործադիր տնօրենը Ստեփան Գիշյանն է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---