Հայոց ցեղասպանությունը կարեւորագույն իրադարձությունն է Եվրոպայի հիշողության մեջ

Հայոց ցեղասպանությունը կարեւորագույն իրադարձությունն է Եվրոպայի հիշողության մեջ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում` Հայոց ցեղասպանության թանգարանում, տեղի ունեցավ թագավորական փաստաբան Ջեֆֆրի Ռոբերթսոնի «Արդյոք եղել է Հայոց ցեղասպանությունը» փորձագիտական զեկույցի հայերեն լեզվով էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը: «Մեծ Բրիտանիայի հայկական կենտրոնն ընտրել է հենց Ռոբերթսոնին, քանի որ նա բավական հայտնի փորձագետ է, որի կարծիքին բրիտանացիներն ավելի շատ են ականջ դնում, քան մեկ ուրիշին»,- շնորհանդեսի ժամանակ ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:

Նրա խոսքով, վերջերս Բրիտանիայում նույնպես ակտիվացել է Հայոց ցեղասպանության հարցը, եւ Ռոբերթսոնի զեկույցն այդ հարցում մեծ դեր խաղաց:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն իր հերթին ասաց, որ այդ զեկույցի կատարման համար ընտրվեց Մեծ Բրիտանիան, քանի որ նա բավական լուրջ դեր է խաղացել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: «Յուրաքանչյուր երկրի հիշողության մեջ Հայոց ցեղասպանության քննարկման հարցն առաջին հերթին հարգանք է սեփական ժողովրդի պատմության հանդեպ»,- ասաց Դեմոյանը` ավելացնելով, որ Հայոց ցեղասպանությունն իր քաղաքական եւ հումանիտար նշանակությամբ կարեւորագույն իրադարձությունն է Եվրոպայի հիշողության մեջ: Ընդ որում, նա նշեց, որ Հայաստանը պետք է միջազգային հանրությանը հստակ հասկացնի, որ անգամ Թուրքիայի հետ հաշտեցման գործընթացը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դադարեցում չի նշանակում: Նրա խոսքով, Թուրքիան պետք է ոչ միայն ճանաչի Ցեղասպանությունը, այլեւ Հայաստանի երկրորդ քայլը պետք է դառնա հատուցման պահանջը:

Դեմոյանն անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին` շեշտը դնելով Արձանագրությունների վրա. «Ես Արձանագրությունների դեմ կամ կողմից հանդես չեմ գալիս, բայց եթե չլինեին այս փաստաթղթերը, ապա հնարավոր է ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում չհայտնվեր Հայոց ցեղասպանության մասին 252 բնաձեւը»,- նշեց Հայկ Դեմոյանը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---