Ցեղասպանության մասին բանաձեւն Անկարայի համար Բաքվի ճնշումից ազատվելու եւ Արձանագրությունները վավերացնելու շանս է

Ցեղասպանության մասին բանաձեւն Անկարայի համար Բաքվի ճնշումից ազատվելու եւ Արձանագրությունները վավերացնելու շանս է

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ընդունած Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւը Անկարայի համար Ադրբեջանի ճնշումից ազատվելու եւ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների վավերացմանը գնալու հնարավորություն է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Ըստ նրա, Արձանագրությունների վավերացման հնարավորությունը գնալով նվազում է, սակայն ասել, թե հայ-թուրքական գործընթացը փակուղի է մտել, հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Անկարան չվավերացնի Արձանագրությունները մինչեւ ապրիլի 24-ը:

Ընդ որում, հայ փորձագետը նշել է, որ փակուղային վիճակը հայ-թուրքական գործընթացում ընդհանրապես կապ չունի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի ընդունած բանաձեւի հետ: «Անկումը հայ-թուրքական գործընթացում կապված է Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի հետ»,-ասել է փորձագետը:

Մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունն այն մասին, թե Թուրքիան կարող է վավերացնել Արձանագրությունները 3 օրվա ընթացքում, սակայն Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում, կրկին փակել սահմանը Հայաստանի հետ` Կ.Բեքարյանը հայտարարել է, որ Անկարայի նման հայտարարությունները ուժի կիրառման ուղղակի սպառնալիք են եւ Ադրբեջանին հասցեագրված ազդակ:

Անդրադառնալով ԱՄՆ վարչակազմի արձագանքին թիվ 252 բանաձեւի ընդունմանը` փորձագետը նշել է, որ ոչ մի նոր բան Բարաք Օբամայի վարչակազմի հայտարարություններում չկա: «Սակայն նախորդ վարչակազմի համեմատ, պաշտոնական Վաշինգտոնի արձագանքն այս անգամ այդչափ կտրուկ չէր: Պետդեպարտամենտի հայտարարությունը ԱՄՆ-ին մանեւրելու հնարավորություն է տալիս»,-ասել է Բեքարյանը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
---