Գորան Լենմարկեր. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է շուտափույթ հանգուցալուծում ստանա

Գորան Լենմարկեր. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է շուտափույթ հանգուցալուծում ստանա

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր է հասնել, քանի որ այս հակամարտությունը սառեցված չէ: Այդ մասին, ելույթ ունենալով Երեւանում ՆԱՏՕ-ի ԽՎ «Ռոուզ Ռոթ» 73-րդ սեմինարում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի եւ Վրաստանի գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը: Սեմինարի թեման է «Տարածաշրջանային գործընթացները Հարավային Կովկասում. Մարտահրավերներ, հնարավորություններ եւ հեռանկարներ»:

«Ղարաբաղյան հակամարտության լուծումը տարածաշրջանի ներսում է, ոչ թե նրա սահմաններից դուրս: Արտաքին ուժերը կարող են միայն օգնել կողմերին: Անհրաժեշտ է ընդգծել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այն միակ հարթակն է, որի շրջանակներում պետք է եւ կարող է կարգավորվել այս հակամարտությունը, եւ այդ հարթակը փոխելու ցանկացած փորձ, խնդիրը ՄԱԿ կամ Եվրոպայի Խորհուրդ տեղափոխելու փորձ, միայն կձգձգի նրա լուծումը»,-ասել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը:

Գորան Լենմարկերը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է այնպիսի լուծման հասնեն, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար: «Ըստ իս, հակամարտության լուծումն, առաջին հերթին, պետք է ապահովի Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգությունը, եւ Ադրբեջանը պետք է դա հասկանա: Սակայն Հայաստանը եւս պետք է հասկանա Ադրբեջանի վիճակն ու դիրքորոշումը, որն իրեն զոհ է զգում եւ պարտված կողմ»,-հայտարարել է Լենմարկերը: Նա ընդգծել է, որ Հակամարտության լուծումն արդեն կա, այն շատ մանրակրկիտ կերպով ուսումնասիրվել է եւ կողմերին շատ քիչ բան է մնացել անելու: «Այժմ հակամարտության լուծման հարցն ավելի շատ քաղաքական մակարդակում է գտնվում եւ կողմերը պետք է պատրաստ լինեն ներպետական բանավեճի»,-ասել է ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը Ղարաբաղի գծով: Նա հատուկ ընդգծել է, որ տեսնում է Երեւանի քաղաքական կամքն ու հակամարտության կարգավորմանը գնալու պատրաստակամությունը, եւ հուսով է, որ նման պատրաստակամություն կդրսեւորի նաեւ Բաքուն:

«Հիմա ամենակարեւորը ղարաբաղյան հակամարտության արագ հանգուցալուծումն է: Այստեղ խոսք չի կարող լինել մոտակա կամ հեռավոր ապագայի մասին, այլ հենց շուտափույթ հանգուցալուծման»,-ասել է Լենմարկերը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
---