ԱՄՆ-ն շահագրգռված է, որ Հայ-թուրքական արձանագրությունները շուտափույթ կերպով վավերացվեն

ԱՄՆ-ն շահագրգռված է, որ Հայ-թուրքական արձանագրությունները շուտափույթ կերպով վավերացվեն

PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ն, որպես հայ-թուրքական մերձեցման «կնքահայր», շահագրգռված է, որ Հայ-թուրքական արձանագրությունները շուտափույթ կերպով վավերացվեն»,-Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում ասել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ Սաֆարյանի, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում Հայոց ցեղապսանության մասին բանաձեւի ընդունումից հետո, հայկական կողմը հասկացրեց ԱՄՆ-ին, որ միայն Ցեղասպանության վերջնական ճանաչումից հետո, կշարունակի հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ: «Իսկ Թուրքիան երաշխիքներ է ակնկալում ԱՄՆ-ից առ այն, որ բանաձեւը չի ընդգրկվի Կոնգրեսի նիստերի օրակարգում»,-ասել է նա:

Ինչպես նշել է Սաֆարյանը, ստեղծված իրավիճակից երեք ելք կա` առաջինը, ԱՄՆ-ն կբավարարի հայկական կողմի ակնկալիքները, երկրորդը, ԱՄՆ-ն կվարվի այնպես, ինչպես ցանկանում է Թուրքիան, եւ, վերջապես, փոխզիջումային տարբերակ` ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դիմաց Թուրքիան կստանա տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրում Արցախի հարցում»,-ասել է նա:

«Ժառանգության» խմբակցության ղեկավարն ընդգծել է նաեւ, որ ԱՄՆ-ն այժմ ճնշում կգործադրի ղարաբաղյան կարգավորման հարցում` հասնելու համար Արձանագրությունների վավերացմանը Հայաստանի կողմից, նշելով, որ «եթե Հայաստանն առաջինը վավերացնի Արձանագրությունները, դա հնարավորություն կտա ԱՄՆ-ին ապագայում հրաժարվել Ցեղասպանության ճանաչումից»:

Ինչ վերաբերում է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի վերջին հանդիպմանը, Սաֆարյանը նշել է,որ որքան էլ պաշտոնական շրջանակները դա թաքցնեն, ապա Քոչարյանը ձգտում է կրկին իշխանության գալ: Միեւնույն ժամանակ Ս.Սաֆարյանը վստահություն է հայտնել, որ Քոչարյանը չի կարող հասնել իր նպատակին, քանի որ ո'չ միջազգային հանրությունը, ո'չ հայ հանրությունը չեն մոռացել, թե ինչպես էր նա տասը տարի շարունակ խաբում բոլորին եւ ինչ գնով փոխանցեց իշխանությունը 2008 թվականին:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
---