AKP. Եթե մինչեւ ապրիլ ղարաբաղյան գործընթացում առաջընթաց չլինի, Արձանագրությունները չեն վավերացվի

PanARMENIAN.Net - Թուրքիան իսկապես ցանկանում է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, բայց գտնում է, որ նման բան չի կարող տեղի ունենալ, եթե ղարաբաղյան հակամարտության մեջ ոչ մի փոփոխություն չլինի: Այդ մասին Երեւանում ՆԱՏՕ Խորհրդարանական Վեհաժողովի Rose Roth 73 սեմինարում հայտնեց Թուրքիայի Արդարություն եւ զարգացում կուսակցության (AKP) արտաքին հարաբերությունների համար պատասխանատու, խորհրդարանի պատգամավոր Սուաթ Քինիքլիօղլուն:

«Մենք հարմար եւ ճիշտ պահի ենք սպասում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները վավերացնելու համար: Սակայն Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը, որը հղում է անում Անկախության հռչակագրին, որում էլ իր հերթին խոսվում է Արեւմտյան Հայաստանի մասին, սպառնալիքի տակ դրեց Արձանագրությունների ճակատագիրը»,- ասաց թուրք խորհրդարանականը: Նա հաղորդեց, որ Թուրքիան Շվեյցարիային է դիմել, որպեսզի Բեռնը իրավաբանական եզրակացություն տա ՀՀ ՍԴ որոշման վերաբերյալ:

Անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի եւ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին` Սուաթ Քինիքլիօղլուն հայտնեց, որ նման բանաձեւերը ոչ թե նպաստում, այլ ավելի շուտ վնասում են հայ-թուրքական գործընթացին եւ սպառնալիքի տակ դնում ստորագրված Արձանագրությունները:

«Այժմ գործընթացը բարդ փուլում է: Եթե անգամ Թուրքիայի վարչապետը հավաքի AKP բոլոր անդամներին եւ նրանց ասի, թե ցանկանում է, որպեսզի Արձանագրությունները վավերացվեն, Թուրքիայի խորհրդարանը չի կարողանա անել դա: Այժմ մեր երկրում տիրող քաղաքական մթնոլորտը մեզ թույլ չի տալիս վավերացնել Արձանագրությունները»,- հայտնեց AKP անդամը:

Մեկնաբանելով հաղորդագրություններն այն մասին, որ ապրիլի 24-ը (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը) Անկարայի կողմից Արձանագրությունների վավերացման վերջնաժամկետն է, Սուաթ Քինիքլիօղլուն ասաց, որ եթե մինչեւ ապրիլ ղարաբաղյան գործընթացում առաջընթաց չլինի, Արձանագրությունները չեն վավերացվի:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---