Սերգեյ Կապինոս. ԵԱՀԿ-ում որոշումներն ընդունվում են համաձայնության հիման վրա

Սերգեյ Կապինոս. ԵԱՀԿ-ում որոշումներն ընդունվում են համաձայնության հիման վրա

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ որոշումներն ընդունվում են համաձայնության հիման վրա, եթե անգամ ԵԱՀԿ մեկ անդամ պետություն դեմ է որոշմանը, այն չի ընդունվում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը` մեկնաբանելով Ադրբեջանի սպառնալիքներն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է ռազմական ճանապարհով լուծվել: Ընդ որում, նա անիրական է համարել Բաքվի հայտարարությունների առիթով որեւէ պատժամիջոցների կիրառումը:

«ԵԱՀԿ որոշումները կրում են ոչ թե իրավական պարտադրող, այլ քաղաքական բնույթ, ուստի այդ կապակցությամբ որեւէ պատժամիջոցների մասին խոսելն անիրական է: Դա ԵԱՀԿ մեթոդը չէ, քանի որ պատժամիջոցները ծայրահող միջոց է, որը հաճախ հակառակ արդյունքի է հանգեցնում»,- հայտնեց Կապինոսը: Նրա խոսքով, կազմակերպության մեթոդներն են բանակցությունները, փաստարկները, ազդեցությունը գործընթացների վրա:

Անդրադառնալով ԼՂՀ նախագահի հայտարարությանն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է իրավական հարթության վրա լուծվել, Կապինոսն ասաց, որ ղարաբաղյան հակամարտությունը կարելի էր լուծել` բողոքարկելով միայն իրավական հասկացությունները, բայց դրա համար հարկավոր է դատական ատյան դիմել: «Գոյություն ունի ԵԱՀԿ առընթեր Իրավարարական դատարան, սակայն այդ դատարան կարող են գործեր ներկայացվել միայն Իրավարարական դատարանի անդամների կողմից, իսկ Ադրբեջանը դրա անդամը չէ»,- ասաց Կապինոսը` ավելացնելով, որ հարցը կարող է քննարկվել նաեւ ոչ ԵԱՀԿ համատեքստում, օրինակ` Կոպենհագենի միջազգային դատարանում: «Այդ առումով առայժմ ոչ մի հայտ չի ներկայացվել»,- ասաց Սերգեյ Կապինոսը` ավելացնելով, որ հակամարտությունների կարգավորման համար ավելի լավ է հին փորձված միջոցներ կիրառել:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---