ՀՀ սփյուռքի նախարարը եւ Ռուսաստանի հայերի միության նախագահը համագործակցության համաձայնագիր են ստորագրել

ՀՀ սփյուռքի նախարարը եւ Ռուսաստանի հայերի միության նախագահը համագործակցության համաձայնագիր են ստորագրել PanARMENIAN.Net - Մարտի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր:



«Համաձայնագրի ստորագրումը պատմաքաղաքական իրադարձություն է, որի հիմքում հայության պահպանման հարցն է դրված: Հայերի միությունն արդեն 10 տարի գործում է Հայաստանում, եւ մենք շատ համատեղ ծրագրեր ունենք, որոնք իրականացման ընթացքի մեջ են», - համաձայնությունը ստորագրելիս ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:



Նրա խոսքերի համաձայն, համատեղ ծրագրերի շրջանակներում կազմակերպվելու են սեմինարներ` հայոց լեզվի ուսուցիչների համար, իսկ Ռուսաստանի հայ ուսանողները նաեւ Հայաստանում սովորելու հնարավորություն կստանան, իրականացվելու է նաեւ Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում հայկական հուշարձանների պահպանման ծրագիրը:



«Մի շարք ծրագրեր են իրականացվելու Հայաստանի եւ ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակին նվիրված, բացի այդ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին կազմակերպվելու է «Մշակութային ցեղասպանություն» խորագրով գիտական համաժողով եւ հայ նկարիչների գործերի ցուցահանդես», - ավարտել է իր խոսքը նախարարը:



Արա Աբրահամյանն, իր հերթին, ընդգծելով միջոցառումների կարեւորությունը եւ շնորհակալություն հայտնելով սփյուռքի նախարարին` արդյունավետ աշխատանքի համար, ասել է. «Սփյուռքի նախարարության գործառույթը հայկական իրականությունում շատ կարեւոր է: Մենք հիմնարկություն ունենք, որն զբաղվում է սփյուռքի հարցերով, այսինքն` սփյուռքի ներկայացուցիչները կարող են դիմել այդ նախարարությանը եւ իրականացնել տարբեր նախագծեր»:



Համատեղ ծրագրերի վերաբերյալ նա նշեց «Վերածնունդ» այգու ստեղծման կարեւորությունը, որտեղ տնկվելու է 1,5 մլն ծառ` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Հանրապետության ողջ տարածքում ծառեր են տնկվելու, իսկ այգում յուրաքանչյուր հայի համար տեղ է լինելու, որպեսզի ամեն մեկը գոնե մեկ ծառ տնկի», - բացատրել է Արա Աբրահամյանը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---