Մարի Յովանովիչ. Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը ԱՄՆ համար առաջնահերթ ուղղություն է

Մարի Յովանովիչ. Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը ԱՄՆ համար առաջնահերթ ուղղություն է PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիական հասարակությունների միջեւ կապերն ու հաղորդակցությունն անհրաժեշտ է հայ-թուրքական հաշտեցման համար: Այդ մասին Երեւանում հայ-թուրքական փորձագիտական քննարկումների ժամանակ հայտնեց GPoT (Global political trends center) թուրքական կենտրոնի տնօրեն Մենսուր Աքգյունը:



Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն իր հերթին հայտնեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Միացյալ Նահանգների համար առաջնահերթ ուղղություն է: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման քաղաքական գործընթացն առայժմ մարտահրավեր է, սակայն Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարեւոր դեր են խաղում հայ եւ թուրք ժողովուրդների մերձեցման գործընթացում: Երկու երկրների քաղաքական առաջնորդներն արդեն համարձակ քայլեր են կատարել այդ ուղղությամբ, սակայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարող են օգնել նրանց` կատարելու մնացած քայլերը»,- ասաց Մարի Յովանովիչը:



Հայ-թուրքական փորձագիտական քննարկումները տեղի կունենան մարտի 25-ին եւ 26-ին Երեւանում: Այդ քննարկումները USAID կողմից ֆինանսավորվող «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետագա քայլերը» նախագծի մի մասն են: Այդ նախագիծը նպատակ է հետապնդում կապեր հաստատել եւ զարգացնել փոխըմբռնումը հայ եւ թուրք ոչ կառավարական, լրատվական եւ գործարար օղակների ներկայացուցիչների միջեւ:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
---