Ադամ Շիֆ. Թուրքիան շարունակում է օգտագործել հայերին որպես «կենդանի թիրախ» Ցեղասպանության ժխտման գործում

Ադամ Շիֆ. Թուրքիան շարունակում է օգտագործել հայերին որպես «կենդանի թիրախ» Ցեղասպանության ժխտման գործում PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրդովեցուցիչ սպառնալիքները երկրից հայ ներգաղթյալներին վտարելու մասին` որպես «վրեժ» ԱՄՆ ՆԵրկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից ընդունած Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման համար, վկայում են, որ Թուրքիան հայերին շարունակում է օգտագործել որպես «կենդանի թիրախ» Ցեղասպանության ժխտման քարոզչությունն իրագործելիս: Այդ մասին հայտարարել է կոնգրեսկան Ադամ Շիֆը: Նրա խոսքերով, 95 տարի անց, երբ օսմանյան զինվորները հարյուր հազարավոր հայերին անապատի միջով տանում էին մահվան դուռը, Էրդողանի հայտարարությունն առավել դաժան վերաբերմունքի է դրդում Ցեղասպանությունն ապրած մարդկանց եւ նրանց ընտանիքների նկատմամբ:



Մարտի 16-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով մի շարք երկրների խորհրդարանների կողմից Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հանդեպ արձագանքի մասին BBC հեռուստաընկերության հարցին, ասաց, որ հնարավոր է` Թուրքիայից արտաքսվեն Հայաստանի 100 հազար անօրինական գաղթականներ: Նրա խոսքով, Թուրքիայում բնակվում է 170 հազար հայ, որոնցից 70 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են: Վաղը, եթե պահանջվի, «ես կասեմ այդ հարյուր հազարին, որպեսզի նրանք լքեն մեր երկիրը: Ես կանեմ դա, որովհետեւ նրանք իմ քաղաքացիները չեն, եւ ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում»,- հայտնեց Էրդողանը:
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---