ՀՀԿ. Հայաստանը նպատակ չունի ցանկացած գնով լուծել ղարաբաղյան հակամարտությունը

ՀՀԿ. Հայաստանը նպատակ չունի ցանկացած գնով լուծել ղարաբաղյան հակամարտությունը

PanARMENIAN.Net - Այն, որ պաշտոնական Բաքում հրաժարվում է Հայաստանի հետ ուժի չկիրառման մասին պայմանագիր ստորագրել, վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ կառուցողական հանգուցալուծմանը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուրադ Շարմազանովը: Նրա խոսքերով, Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում մնում է նույնը. Հայաստանը միակողմանի զիջումների չի գնալու, իսկ փոխզիջումներն ընդունելի են միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը եւ համաշխարհային հանրությունը ճանաչեն ԼՂՀ-ն որպես անկախ պետություն: «Հայկական ղեկավարությունը միշտ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանիր կազմում, եւ որ հակամարտության լուծումը պետք է ընթանա խաղաղ ճանապարհով: Մենք պատերազմ չենք ուզում, բայց եւ չենք վախենում դրանից»,- ասել է իշխող կուսակցության քարտուղարը: Նրա խոսքերով, Հայաստանն իր առջեւ նպատակ չունի ցանկացած գնով լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Նա ընդգծեց, որ պաշտոնական Երեւանը բանակցություններում մտադիր է հասնել հիմնախնդրի հայանպաստ լուծման:

Մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԼՂ անվտանգության գոտու տարածքները հանձնելու հնարավորության մասին` Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ԼՂՀ կարգավիճակի ճանաչումից հետո Ղարաբաղի ժողովուրդն ինքը կորոշի զիջումների չափերը: ՀՀԿ քարտուղարը նշեց, որ Հայաստանը բանակցություններում միշտ բարձրացնում է ղարաբաղյան կողմի անմիջական մասնակցության հարցը բանակցային գործընթացին:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին` նա կարեւր նշանակություն տվեց ՀՀ նախագահի այցին Դեր Զոր: «Առաջին անգամ Դեր Զորում Հայաստանի նախագահը հանդես եկավ որպես պահանջատեր` հայտարարելով հայ ժողովրդի Նյուրնբերգի մասին»,- ասել է ՀՀԿ քարտուղարը:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին` նա հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների անցկացման համար պատճառներ չի տեսնում, ինչի մասին հայտարարել էր ՀՅ Դաշնակցությունը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
---