Սուրեն Սուրենյանց. «Հայաստանի ԱԺ-ն պետք է անմիջապես վավերացնի արձանագրությունները»

Սուրեն Սուրենյանց. «Հայաստանի ԱԺ-ն պետք է անմիջապես վավերացնի արձանագրությունները»

PanARMENIAN.Net - Հայաստանը կարող է հօգուտ իրեն դուրս գալ ստեղծված իրավիճակից, եթե խորհրդարանն անհապաղ, չսպասելով Թուրքիայի քայլերին, վավերացնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները, գտնում է Հանրապետական կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը:

«Դրանից հետո Հայաստանի խորհրդարանը պետք է Թուրքիային երեք ամիս ժամանակ տա` արձանագրությունները վավերացնելու համար: Հակառակ դեպքում հայտարարել, որ գործընթացը դադարեցվում է: Ես խորապես համոզված եմ, որ սա այն քայլն է, որը կփրկի գործընթացը, եւ դա ավելի շահավետ է Հայաստանի համար, քանի որ Թուրքիային կզրկի մանեւրելու հնարավորությունից», - ասել է նա: Բացի այդ, Սուրենյանցի կարծիքով, այդպիսով Հայաստանը ցույց կտա, որ իրոք վարում է կառուցողական արտաքին քաղաքականություն:

Նա նաեւ նշել է, որ Թուրքիայի իշխանությունները իրավիճակը սրելով` ամեն ինչ արել են, որպեսզի Հայաստանի խորհրդարանը առաջինը չվավերացնի արձանագրությունները: «Այս ամենով հանդերձ, ես չեմ գտնում, որ այս գործընթացի մասին կարելի է անցյալ ժամանակով խոսել, այն դեռ շարունակվելու է», - ավելացրել է Սուրենյանցը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---