ՀՀ ԱԳՆ. Մադրիդյան սկզբունքները Հայաստանի կողմից որպես բանակցությունների հիմք ընդունվել են դեռ 2 տարի առաջ

ՀՀ ԱԳՆ. Մադրիդյան սկզբունքները Հայաստանի կողմից որպես բանակցությունների հիմք ընդունվել են դեռ 2 տարի առաջ PanARMENIAN.Net - Մարտի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ): Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:



Հանդիպման սկզբում Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն հայտնեց ռուսաստանցի համանախագահին`այսօր Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով տասնյակ մարդկային զոհերի կապակցությամբ:



Հանդիպման ընթացքում քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները եւ մադրիդյան առաջարկությունների հիման վրա կողմերի մոտեցումները մերձեցնելու հնարավորությունները:



Համանախագահները Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեցին նախօրեին Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ իրենց ունեցած քննարկումների արդյունքները:



Անդրադառնալով վերջին շրջանում մադրիդյան առաջարկությունների հետ կապված շահարկումներին` Հայաստանի արտգործնախարարը հայտնեց, որ Մադրիդյան սկզբունքները Հայաստանի կողմից որպես բանակցությունների հիմք ընդունվել են դեռ երկու տարի առաջ եւ շարունակում են մնալ այդպիսին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

ԵԱՀԿ Մինսկի խումբ

Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակը ղարաբաղյան հակամարտության լուծումն է, նրա դիտորդները հետեւում են հակամարտող կողմերի միջեւ զինադադարի պահպանմանը: 1993-ին Մինսկի խումբը հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկեց («Ճշգրտված գրաֆիկ»), սակայն ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չընդունեցին այդ դրույթները: 1994-ին երկու կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին ոչ պաշտոնական համաձայնություն պահպանել, որը գործում է մինչ օրս: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն:

 Ուշագրավ
---