Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման համար Անկարայից ներողություն խնդրելը թանկ արժեցավ Շվեդիայի վարչապետի համար

PanARMENIAN.Net - Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտի դեմ դատական գործ է հարուցել այն բանի համար, որ նա արտահայտվել է օրերս Հայոց ցեղասպանության մասին Ռիկսդագի ընդունած բանաձեւի դեմ: Ֆրեդրիկ Ռեյնֆելդտը իր թուրք գործընկերոջ հետ հեռախոսային զրույցի ընթացքում նշել է, որ իրեն վշտացրել է, որ խորհրդարանը ընդունել է այդ բանաձեւը: Նա վստահեցրել է թուրք վարչապետին, որ բանաձեւը Շվեդիայի կառավարությանը չի պարտավորեցնում եւ օրենքի ուժ չունի:

Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Էրիկ Օստբերգն, իր հերթին, քննադատել է Շվեդիայի վարչապետի հայտարարությունը: «Էրդողանից ներողություն խնդրելն արդեն իսկ հակասում է Շվեդիայի օրենքին եւ ընդունած բանաձեւին: Երկրի վարչապետի նմանօրինակ վարքը վկայում է, որ կառավարությունը գործում է ժողովրդի որոշումների դեմ: Հենց այդ պատճառով մենք դատական հայց ենք ներկայացրել Ֆրեդրիկ Ռեյնֆելդտի դեմ», - ասել է ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը:

Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 կողմ եւ 130 դեմ ձայների հարաբերակցությամբ ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայերի, ասորիների եւ պոնտացի հույների դեմ իրագործված ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---