Թուրք փաստաբանը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Քաղաքացիական գործերով թուրքական դատարան է դիմել փաստաբան Բենդալ Ջելիլ Էզմանը, որը պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Փաստաբանի հայցում պահանջվում է մեղավոր ճանաչել Թալաաթ փաշային եւ նրա կողմնակիցներին եւ վերանվանել Թալաաթ անունը կրող փողոցներն ու պուրակները, հաղորդում է Haberiturk-ը:

Թուրք փաստաբանը պահանջում է, որպեսզի հետաքննություն անցկացվի մարդկության հանդեպ հանցագործության եւ հանցանք կատարած մարդուն կամ հանցագործությունը գովերգելու մասին Թուրքիայի ՔՕ հոդվածներով: «Թուրքիայում առաջին անգամ է տեղի ունենալու այդպիսի դատ: Թուրքիան պետք է հաշիվ տա իրեն իր անցյալի համար: Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, ուրեմն այդպիսին է Տիրոջ կամքը»,- ասել է Էզմանը, որը մասնակցել է «Հայեր, ներեք մեզ» ինտերնետ-ակցիային:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

«Հայեր, ներեք մեզ» հանրագիր

«Հայեր, ներեք մեզ» հանրագիրը Ինտերնետում տեղեկայվեց 2008 թվականի դեկտեմբերի 15-ին: Այս նախաձեռնության հեղինակներն են Ստամբուլի Բախչելիի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշքին Օրանը եւ Թուրքիայի ակադեմիական շրջանակների, լրագրողների եւ հասարակական գործիչների եւս 200 ներկայացուցիչներ: Հանրագրի տակ ստորագրել են մոտ 30 հազար հոգի: «Ես չեմ կարող հաշտվել Օսմանյան կայսրությունում հայերին պատուհասած աղետի եւ դրա ուրացման հետ: Ես մերժում եմ անարդարությունը, գործում եմ սեփական կամքով, կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի զգացմունքներն ու ցավը եւ ներողություն եմ խնդրում նրանցից»,- ասվում է փաստաթղթում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---