Հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չի լինելու

Հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չի լինելու

PanARMENIAN.Net - Եթե որեւէ մեկը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Վաշինգտոն կատարելիք այցի հետ հայ-թուրքական հարաբերությունների հարցում առաջընթաց է սպասում, ապա իզուր, սպասումներն անհիմն են: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀՇ վարչության անդամ, նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Նա հիշեցրել է, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների արձանագրությունների վավերացումը կապում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: «Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը հազիվ թե որեւէ համաձայնությամբ ավարտվի: Ավելի շուտ, կարող է Մայնդորֆի փաստաթղթի նման մի հռչակագիր ստորագրվի, որն իրենից ոչինչ չի ներկայացնի: ԱՄՆ-ն, իհարկե, կարող է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, սակայն Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է եւ Վաշինգտոնում հարաբերությունները չի սրի իր ազգային շահերից ելնելով: ԱՄՆ-ն շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, սակայն ոչ իր շահերի հաշվին», - ընդգծել է Արզումանյանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---