Թուրքիայի հայկական դպրոցներին մայրենի լեզվով դասագրքեր կտրամադրվեն

PanARMENIAN.Net - Թուրքիայի կրթության նախարարությունը մաթեմատիկայի եւ բնագիտության հիմունքների դասագրքեր է մշակել հայերեն լեզվով, որոնք անվճար կտարածվեն Ստամբուլի 18 հայկական դպրոցներում: Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ թուրքահայ ուսուցիչը նամակ հղեց Թուրքիայի կրթության նախարար Նիմեթ Չուբուքչուին` հայկական դպրոցներին անվճար դասագրքեր տրամադրելու խնդրանքով:

«Խնդրանքը բավարարվեց այն բանից հետո, երբ կրթության նախարարությունը հաստատեց 2011-2012թթ. աննախադեպ նախագիծը, եւ դասագրքերը հանձնեց ծրագրին համապատասխան հայերեն թարգմանվելու համար»,- գրում է թերթը:

Ընդ որում, նշվում է, որ որոշ հայկական դպրոցների տնօրեններ համագործակցության համար հրավիրվել էին Անկարա: Դասագրքերը կթարգմանվեն առաջին, երկրորդ եւ երրորդ դասարանների դպրոցականների համար, ինչպես նաեւ յուրաքանչյուր դասագրքի համար վարժությունների երեք լրացուցիչ ժողովածուներ կթարգմանվեն: Դասագրքերի տպաքանակը կկազմի 2000: Վերջնական արդյունքում կհրատարակվի 24 000 դասագիրք:

Թուրքիայում 24 հայկական դպրոց է գործում, որոնցից 18-ը` Ստամբուլում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---