Լեւոն Զուրաբյան. Ապրիլի 6-ին Երեւանում ՀԱԿ-ը հանրահավաք է կազմակերպում համատարած գնաճի առնչությամբ

Լեւոն Զուրաբյան. Ապրիլի 6-ին Երեւանում ՀԱԿ-ը հանրահավաք է կազմակերպում համատարած գնաճի առնչությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի ղեկավարությունը ցանկանում է խուճապահար անել ժողովրդին Ղարաբաղում պատերազմի վերսկսման հնարավորությունը չբացառելով` Ժողովրդի ուշադրությունն առկա սոցիալ-տնտեսական խնդիրներից եւ համատարած գնաճից շեղելու նպատակով: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Ըստ նրա, գնաճի դեմ բողոք հայտնելու նպատակով ՀԱԿ-ը մտադիր է ապրիլի 6-ին արտոնված հանրահավաք անցկացնել Երեւանում:

Լեւոն Զուրաբյանն ասել է, որ Կոնգրեսը չի հրաժարվում արտահերթ ընտրությունների անցկացման գաղափարից` ընդգծելով, որ այդ անհրաժեշտությունը բխում է հենց Հայաստանի շահերից:

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորմանը, ՀԱԿ-ի համակարգողը չի բացառել պատերազմի վերսկսման հնարավորությունը` նշելով, որ բանակցային ռեսուրսն արդեն սպառել է իրեն: «Եթե Հայաստանը համաձայնվի Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային համաձայնության, ապա առաջընթաց կգրանցվի նաեւ հայ-թուրքական գործընթացում: Իսկ եթե Հայաստանը չգնա դրան, հայ-թուրքական երկխոսության մեջ փոփոխություններ չեն լինի»,-ասել է Լեւոն Զուրաբյանը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագեց 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների:

1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ` 2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:

Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

 Ուշագրավ
---