Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը միայն կավելացնի Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականությունը

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը միայն կավելացնի Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականությունը

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում հավանաբար տեղի կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այն հերթական անգամ պատրվակ կծառայի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար, որպեսզի նա չօգտագործի «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ին Ամերիկայի հայ համայնքին հասցեագրված իր ուղերձում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավար եւ ՀՅԴ քաղաքական գծով պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա, Էրդողանը հիանալի հասկանում է, որ եթե նա հրաժարվի այցելել Վաշինգտոն, դա միայն կբարձրացնի ամերիկյան ճնշումը եւ հենց այդ պատճառով նա համաձայնվել է մասնակցել միջուկային անվտանգության գագաթնաժողովին:

«Թուրքիան ճնշում կգործադրի ամերիկյան վարչակազմի վրա, որպեսզի նա արգելակի Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւի առաջխաղացումը Կոնգրեսում եւ թույլ չտա, որ Բարաք Օբաման ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Կիրո Մանոյանը: Նա հավելել է, որ Վաշինգտոնի դիրքորոշումը Հայ-թուրքական արձանագրությունների հարցում չի փոխվել եւ ԱՄՆ-ն նախկինի պես ցանկանում է իրականացնել այդ նախագիծը: «ԱՄՆ-ն հասկանում է, որ Արձանագրությունների վավերացմամբ իրենք կազատվեն պատասխանատվությունից, որը կրում են ըստ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշման»,-ասել է Մանոյանը: Նա ասել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությունը տարբեր երկրների խորհրդարանների կողմից ապրիլի 24-ի շեմին, մեծ չէ:

Ըստ «Հայ դատի» գրասենյակի ղեկավարի, առաջիկա ամիսներին հարկավոր չէ առաջընթաց ակնկալել ղարաբաղյան կարգավորման հարցում: Մեկնաբանելով հաճախակի դարձած հայտարարությունները Ղարաբաղում պատերազմի վերսկսման մասին` Կիրո Մանոյանը հայտարարել է, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել երկու դեպքում` եթե Ադրբեջանը վստահ լինի իր հաղթանակում, եւ եթե հայ-թուրքական գործընթացում անտեսվեն Բաքվի շահերը: «Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը միայն կավելացնի Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականությունը»,-ասել է Կիրո Մանոյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---