Սերժ Սարգսյան. Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին մեր ձեռքերում է

Սերժ Սարգսյան. Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին մեր ձեռքերում է

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ եղել եւ լինելու է: Այդ մասին լրագրողներին Տավուշի մարզում հայտնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը առկա կլինի այնքան ժամանակ, մինչեւ որ տարածաշրջանում կայունություն հաստատվի: Ընդ որում, նա նկատեց, որ հայ ժողովրդի մոտ պատերազմի վտանգն ավելի առարկայական է դառնում երկու դեպքում` երբ Ադրբեջանը, չունենալով խնդիրը լուծելու այլ միջոց, սկսում է հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով, եւ երբ ներքին քաղաքական ուժերը սկսում են շահարկել այդ հարցը: "Ես չեմ հասկանում, թե ինչի վրա է հիմնվում Բաքուն, նման հայտարարություններ անելով, քանի որ չեմ տեսնում նրա առավելությունը մեր նկատմամբ",- նշեց Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ մոտ ժամանակներս պատերազմի վերսկսման սպառնալիք չի տեսնում:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ներկայիս բանակցային գործընթացին` Հայաստանի նախագահն այն գնահատեց որպես "նորմալ": "Ես արդեն բազմիցս հայտարարել եմ, որ ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին մեր ձեռքերում է",- ասաց Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ եթե լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը, ապա մյուս հարցերի լուծումը շատ ավելի հեշտ կլինի:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---