Էրդողան. Թուրքիայի խորհրդարանը դեռևս պատրաստ չէ վավերացնել Արձանագրությունները

Էրդողան. Թուրքիայի խորհրդարանը դեռևս պատրաստ չէ վավերացնել Արձանագրությունները

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որը տևել է մեկ ժամից ավելի, ընթացել է բավական սառը մթնոլորտում: Ինչպես գրում է թուրքական Sabah թերթը, Թուրքիայի վարչապետը հաստատել է Անկարայի հավատարմությունը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու և Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հարցում` ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունների համաձայն: “Մենք հավատարիմ ենք մնում Արձանագրությունների հետ կապված խոստումներին”,- նշել է Էրդողանն, ավելացնելով, որ դեռևս փաստաթղթերի վավերացման համար համապատասխան քաղաքական հիմքեր չկան, և որ Թուրքիայի խորհրդարանը դեռ պատրաստ չէ վավերացնել Արձանագրությունները:

“Հաշվի առնելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի և Շվեդիայի խորհրդարանի վերջին գործողությունները` Արձանագրությունները ձախողվելու են, եթե դրանք հիմա մտնեն թուրքական խորհրդարանի օրակարգ”,- ասել է Թուրքիայի վարչապետը:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը “23” կողմ և “22” դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը: Պրոֆիլային հանձնաժողովի քվեարկությունից հետո բանաձևն ուղորդվելու է Ներկայացուցիչների պալատ:

Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 “կողմ” և 130 “դեմ” ձայների հարաբերակցությամբ ճանաչեց Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ասորիների, սիրիացիների/քաղքեդոնացիների և Պոնտոսի հույների ցեղասպանությունները:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---