Ռուբեն Սաֆրաստյան. Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված է

Ռուբեն Սաֆրաստյան. Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված է

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղի է մտել: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված է: “Հայ-թուրքական գործընթացը պետք է դիտարկել թուրք-ամերիկյան հարաբերությունների համատեքստում: ԱՄՆ-ն և Թուրքիան պարզ առևտուր են վարում, և հայ-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն այդ սակարկության մասն են”,-ասել է պրոֆեսորը: Նրա կարծիքով, եթե Անկարային հաջողվի ամերիկյան վարչակազմից ստանալ իրեն անհրաժեշտ զիջումները, ապա Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում, որտեղ գտնվում են Արձանագրությունները, կարելի է սպասել որոշակի առաջխաղացման, բայց ոչ լիարժեք վավերացման:

“Թուրք-ամերիկյան առևտուրը դեռ այն մակարդակում չէ, որպեսզի Անկարան Արձանագրությունների հարցում անցնի հաջորդ քայլին”,- ասել է Ռուբեն Սաֆրաստյանը: Մեկնաբանելով Վաշինգտոնում Հայաստանի նախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպումը` փորձագետը նշեց, որ ՀՀ նախագահի այցն ԱՄՆ ցույց տվեց, որ Հայաստանը զիջումների չի գնա ղարաբաղյան հակամարտության և Հայոց ցեղասպանության հարցերում: Բացի դրանից, նա հայտարարեց, որ ՀՀ նախագահի հանդիպումը հայկական համայնքի ներկայացուցիչների հետ ցույց է տվել հայկական Սփյուռքի համախմբվածությունը: Սաֆրաստյանն ավելացրեց, որ հիմա Հայաստանը գտնվում է ավելի բարենպաստ վիճակում, քան Թուրքիան, և, ի տարբերություն Անկարայի, պաշտոնական Երևանն ապացուցել է, որ միջազգային ասպարեզում հուսալի գործընկեր է:

Խոսելով ԱՄՆ նախագահի կողմից ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին` նա հայտարարեց, որ հավատում է, որ ԱՄՆ այժմյան վարչակազմը կճանաչի 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---