Վահան Հովհաննիսյան. Թուրքիայի հիմնական նպատակն է`թուլացնել հայությանը

Վահան Հովհաննիսյան. Թուրքիայի հիմնական նպատակն է`թուլացնել հայությանը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական արձանագրություններն արդեն վաղուց մեռել են կամ դրա եզրին են: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա, Թուրքիան սկսեց հայ-թուրքական կարգավորման գործընթացը միայն մեկ նպատակով` սկզբում պառակտել Հայաստանն ու Սփյուռքը, իսկ հետո` Սփյուռքը ներսից, ինչի մասին են վկայում թուրքական կողմի վերջին հայտարարություններն այն մասին, որ իրենք մտադիր են հանդիպել միայն այն հայկական կազմակերպությունների հետ, որոնք կոշտ դիրքորոշում չունեն: “Թուրքիայի հիմնական նպատակն է` թուլացնել հայությանը”,-ասել է Վ.Հովհաննիսյանը:

Ընդ որում, նա նշել է, որ միակ ելքը ստեղծված իրավիճակից ստորագրություններն ետ կանչելն է: “Արձանագրությունները հակասում են Հայաստանի շահերին, և մենք պետք է դուրս գանք այդ գործընթացից: Սակայն դա չի նշանակում, թե մենք պետք է դադարեցնենք երկխոսությունը Թուրքիայի հետ. ուղղակի բանակցությունները չպետք է վարել Թուրքիայի թելադրած պայմաններով”,-ասել է Վ.Հովհաննիսյանը` հավելելով, որ իրական չի համարում հայ-թուրքական սահմանի բացումն առանց Արձանագրությունների վավերացման:

Անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցին Վաշինգտոն` Հովհաննիսյանն ասել է, որ կայացած հանդիպումները շատ հարցեր անպատասխան թողեցին, սակայն ընդհանուր առմամբ, այցը դրական էր:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
---