Ռիչարդ Կիրակոսյան. Մայիս-հունիսին կարող է տեղի ունենալ Սարգսյան-Էրդողան հանդիպումը

Ռիչարդ Կիրակոսյան. Մայիս-հունիսին կարող է տեղի ունենալ Սարգսյան-Էրդողան հանդիպումը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Վաշինգտոնում կարելի է դիտարկել որպես զարգացման փուլ, որն ուղղված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փրկելուն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, հայ-թուրքական գործընթացը կրկին հունի մեջ մտավ: Ընդ որում, փորձագետը նշել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Վաշինգտոնում առաջին քայլն էր, ոչ թե`վերջին: “Չի բացառվում, որ մայիսի վերջում կամ հունիսի սկզբին տեղի կունենա Սարգսյան-Էրդողան հերթական հանդիպումը”,-նշել է Ռ.Կիրակոսյանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
---