Ռիչարդ Կիրակոսյան. Թուրքիան ինքը չգիտի, թե ինչ է ցանկանում Հայաստանից

Ռիչարդ Կիրակոսյան. Թուրքիան ինքը չգիտի, թե ինչ է ցանկանում Հայաստանից

PanARMENIAN.Net - Երբ սկսվում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ոչ ոք չէր ասում, թե այն դյուրին ու արագ է լինելու: Դա տևական գործընթացի սկիզբն էր միայն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, վերջին տարում գործընթացը զգալի առաջընթաց է արձանագրել:

“Այն փաստը, որ պատմության մեջ առաջին անգամ Ստամբուլում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, իսկ թուրք լրագրողներն այցելում են Հայոց ցեղասպանության հուշահամալիր, նշանակում է, որ մտավոր սահմաններն արդեն իսկ բացվում են: Մենք վերափոխում ենք թուրքերի պատկերացումը սեփական պատմության և իրենք իրենցմասին”,-ասել է Կիրակոսյանը: Ըստ նրա, պետք չէ գովաբանել Թուրքիային Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը գնալու համար, քանի որ հարևան երկրի հետ հարաբերությունների հաստատումը ցանկացած երկրի պարտավորությունն է: Ընդ որում, նա նշել է, որ հայ-թուրքական գործընթացում Հայաստանը երկու ռազմավարական հաղթանակ տարավ: Առաջինը` այդ գործընթացի արդյունքում կտրուկ վատթարացան թուրք-ադրբեջանական հարաբերությունները, և դադարեց գործել “մեկ ազգ` երկու պետություն” սկզբունքը: Կիրակոսյանը նաև ռազմավարական հաղթանակ համարեց այն, որ և ԱՄՆ-ն, և Ռուսաստանը հայտարարեցին, որ հայ-թուրքակն հարաբերությունները կապված չեն Ղարաբաղի խնդրի հետ: Ըստ նրա, Անկարան ընտրել է մի ճանապարհ, որից դժվար է հրաժարվել: “Թուրքիան արդեն կորցրել է Ադրբեջանը, և եթե նա նահանջի, ապա շատ թանկ կվճարի դրա համար”,-ասել է հայ փորձագետը` հավելելով, որ Թուրքիան ինքը չգիտի, թե ինչ է ցանկանում Հայաստանից:

Հայ փորձագետը նաև բացթողում է համարել այն, որ արձանագրություններում բացակայում է պատժի մասին կետը կողմերի միջև պայմանավորվածությունների խախտման դեպքում: “Եթե Թուրքիան բացի սահմանը, նրան ոչինչ չի խանգարի կրկին փակել այն”,-ասել է Կիրակոսյանը:

Նա նաև չի բացառել, որ հայ-թուրքական մերձեցման գործընթացը խափանելու համար, Ադրբեջանը կարող է վերսկսել ռազմական գործողությունները:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
---