Ամերիկայի Հայկական Համագումարը համայնքային ճեպազրույց կազմակերպեց

Ամերիկայի Հայկական Համագումարը համայնքային ճեպազրույց կազմակերպեց

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարը (ԱՀՀ) համայնքային ճեպազրույց էր կազմակերպել, որի ընթացքում Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Սպիերն ու Ֆրենկ Փալոուն Կրտսերը ողջունեցին հայ համայնքի նվիրվածությունը և կոչ արեցին ներկա գտնվող ավելի քան 150 հյուրերին հետևողանորեն շարունակել բարձրացնել հայոց հիմնախնդիրները` ներառյալ ցեղասպանության հաստատումը: Նրանք հայտնեցին, որ շատ էին տպավորվել Համագումարի Հյուսիսային Կալիֆորնիայի Տարածաշրջանային Խորհրդի (ՀԿՏԽ) անդամներ Ջուլի Կոլհանջյան Ստրոքի և Դավիթ Օջակյանի աշխատանքով: Պալատի երկու ներկայացուցիչները հատկապես առանձնացրեցին ԱՄՆ-ի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը և մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252-րդ բանաձևի ընդունումը:

Վերահաստատելով իրենց շարունակական աջակցությունն այդ կարևոր մարդու իրավունքների հիմունքների նկատմամբ` Սպիերն ու Փալոունը ներկայացրեցին իրենց հետագա քայլերն ու արտահայտեցին պատրաստակամություն աշխատել համայնքի ղեկավարների հետ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում 252-րդ բանաձևի անցկացման ուղղությամբ:

"Մենք երախտապարտ ենք ներկայացուցիչներ Սպիերի և Փալոունի անխոնջ աշխատանքի համար և շնորհակալություն ենք հայտնում ճիշտ ժամանակին 252-րդ բանաձևի վերաբերյալ քննարկում ծավալելու համար", - ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀԿՏԽ-ի անդամ Ջուլի Կուլհանջյան Ստրոքը` ավելացնելով, որ ապրիլյան այս օրերին միավորվելով և Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին անդրադառնալով` իրենք կոչ են անում Կոնգրեսին ընդունել 252-րդ բանաձևը:

"Որպես Սուրբ Վարդան եկեղեցու և Համագումարի Հյուսիսային Կալիֆոնիայի Տարածաշրջանային Խորհրդի անդամ` ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Փարոս Հիմնադրամին այս միջոցառումը իրականություն դարձնելու համար", - իր հերթին նշեց Դավիթ Օջակյանը: Նրա խոսքով, իրենք շարունակելու ենք բարձրացնել հայոց հիմնախնդիրները և անհամբեր սպասում են հետագա միջոցառումներին` քննարկելու Հայաստանին և Սփյուռքին վերաբերող խիստ կարևոր խնդիրները, հաղորդում է ԱՀՀ-ն:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---