Ավելի քան 500 թբիլիսյան հայեր ցույց անցկացրեցին Վրաստանում Թուրքիայի դեսպանատան դիմաց

Ավելի քան 500 թբիլիսյան հայեր ցույց անցկացրեցին Վրաստանում Թուրքիայի դեսպանատան դիմաց

PanARMENIAN.Net - Ավելի քան 500 թբիլիսյան հայեր ցույց անցկացրեցին Վրաստանում Թուրքիայի դեսպանատան դիմաց` կրկին հաստատելով իրենց կամքն ու պատրաստակամությունը համընդհանուր պայքարի` արդարության հասնելու և 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի հարցում: Հավաքվածներից ոչ բոլորն էին կոտորածի զոհերի ժառանգները, սակայն պատմությունն ու ողբն ընդհանուր են յուրաքանչյուր հայի համար:

Ցույցի կազմակերպիչներն էին "Վրաստանի հայ համայնք", "Վրաստանի Համագործակցության Հայկական կենտրոն" և "Վրաստանի հայ ուսանողների միություն" հասարակական կազմակերպությունները:

Բողոքի ցույցին մասնակցում էին այլազգի ներկայացուցիչներ, այդ թվում` ասորական համայնքի նախագահի տեղակալը, որը եկել էր կիսելու հայ ժողովրդի ցավն ու աջակցության խոսքեր հայտնելու:

Հուշ-երեկոյին, որը տեղի ունեցավ ցույցից հետո Շախմատիստների Պալատում, մասնակիցները Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին լռության րոպեով: Ավելի ուշ հնչեցին ելույթներ, ցուցադրվեցին փաստագրական ֆիլմեր, ընթերցվեցին Թբիլիսիի դպրոցականների` "Ես հիշում եմ 1915թ." խորագրով մրցույթին ներկայացված լավագույն շարադրությունները:

Ապրիլի 23-ի երեկոյան "Ճանաչում" և "Հատուցում" կարգախոսներով մի քանի տասնյակ պատանիների և աղջիկների ջահերով երթ կայացավ, որն ավարտվեց ոչ մեծ ցույցով Թուրքիայի դեսպանատան դիմաց:

Իսկ ապրիլի 12-ին Վրաստանի հայկական կազմակերպությունները Վրաստանի նախագահին ու խորհրդարանին էին դիմել Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դիտարկելու կոչով:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---