Թուրքիայի համար նշանակություն չունի, թե որ սահմանն առաջինը կբացվի` հայ-թուրքական թե հայ-ադրբեջանական

Թուրքիայի համար նշանակություն չունի, թե որ սահմանն առաջինը կբացվի` հայ-թուրքական թե հայ-ադրբեջանական

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունն այն մասին, որ Անկարայի համար անբավարար է հայ-թուրքական սահմանի բացումը, վկայում է այն մասին, որ երկիրը ցանկանում է ղեկավարել տարածաշրջանում ընթացող գործընթացները: Այդ մասին Երևանում թուրքագետ Արտակ Շաքարյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ըստ նրա, Թուրքիան անընդհատ ցանկանում է գործընթացի մեջ լինել, այսինքն ներգրավված լինել տարածաշրջանային գործընթացներում և ղեկավարել դրանք:

Իր հերթին Շաքարյանը նշել է, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը նորություն չէ և այն նախորդ հայտարարությունների վերաձևակերպումն է: “Թուրքիայի տեսակետից առանց հայ-ադրբեջանական սահմանի բացման, հայ-թուրքական սահմանի բացումն անիմաստ է”,-ասել է հայ փորձագետը` հավելելով, որ Թուրքիայի համար նշանակություն չունի, թե որ սահմանն առաջինը կբացվի` հայ-թուրքական թե հայ-ադրբեջանական, կարևոր է, որ գործընթացները զուգահեռ ընթանան և ավարտվեն մոտավորապես միաժամանակ: “Քանի դեռ Անկարան չի փոխել իր դիրքորոշումը և չի լուծվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների հարցը, հայ-թուրքական հարաբերությունները բարձր մակարդակի չեն հասնի”,-ասել է Արտակ Շաքարյանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---