Հայ-կատարական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը կկայանա մինչև տարվերջ

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ու նրա գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը, աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն, որտեղ կմասնակցի մայիսի 31-ին մեկնարկող «Ազատ առևտուր, զարգացում և ժողովրդավարություն» խորագրով Դոհայի միջազգային համաժողովին:

Ինչպես հաղորդում է ՏԿ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, այցի շրջանակում այսօր նաև տեղի ունեցավ Արմեն Գևորգյանի հանդիպումը Կատարի Պետության էմիր շեյխ Համադ բեն Խալիֆ ալ Թանիի հետ: Փոխվարչապետը էմիրին փոխանցեց ՀՀ նախագահի բարեմաղթանքները և Կատարի հետ հարաբերությունները զարգացնելու ցանկությունը: Էմիրը Հայաստանի հետ բազմակողմ և ընդգրկուն համագործակցության պատրաստակամություն հայտնեց` ընդգծելով նաև այդ համագործակցությանը ռազմավարական նշանակություն տալու հանգամանքը: Երկուստեք արձանագրվեց, որ այդ ուղղությամբ կարևոր աշխատանք ունի կատարելու Հայ-կատարական միջկառավարական հանձնաժողովը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մինչև տարեվերջ անցկացնել հանձնաժողովի առաջին նիստը:

Արմեն Գևորգյանը ներկայացրեց նաև Հայաստանում ծրագրված և նախանշված տարածաշրջանային նշանակություն ունեցող խոշոր ծրագրերը և Հայաստանի ու Կատարի միջև հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները: Կատարական կողմը նշեց տարածաշրջանային ծրագրերին մասնակցելու իր հետաքրքրվածությունը, ինչպես նաև մասնավոր հատվածի միջև գործակցությունը և հնարավոր ներդրումները խրախուսելու պատրաստակամություն հայտնեց:

Էմիրը անդրադարձավ նաև Հայաստանից որակավորում ունեցող կադրերի և աշխատուժի ներգրավման հնարավորությանը` ընդգծելով, որ Կատարում դրական են վերաբերվում օրինապահ և ստեղծագործ հայկական համայնքին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---