TEDx Yerevan-ը տեղի կունենա Նոր փորձարարական արվեստի կենտրոնում` ՆՓԱԿ 4 հունիսի 2010 - 19:51 AMT PanARMENIAN.Net - TEDx Yerevan խորհրդաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին Նոր փորձարարական արվեստի կենտրոնում` ՆՓԱԿ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց Երևանում TEDx անցկացնելու նախաձեռնող, «Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության» հասարակական կազմակերպության վարչության անդամ Քրիստինե Սարգսյանը, կենտրոնի սրահը համապատասխանում է միջոցառման կազմակերպիչների կողմից ներկայացված լուսավորմանը, բեմին և չափերին վերաբերող բոլոր բարդ պահանջներին: Խորհրդաժողովը տեղի կունենա «Սահմաններից դուրս» (Beyond Borders) կարգախոսով: «TED խորհրդաժողովների նպատակը գլոբալ է, դա ուղերձ է ողջ աշխարհին: Ուստի մենք չենք սահմանափակվի միայն Հայաստանով, այլ կքննարկենք ինչպես միջազգային գործընթացները, այնպես էլ մեր երկրում զարգացման միտումները»,- ասել է Քրիստինե Սարգսյանը: Ներկայացման համար թեմաների ընտրության վրա զգալի ազդեցություն են ունեցել Ինտերնետից օգտվողները, ովքեր tedxyerevan.com կայքում առաջարկել ու քվեարկել են դուր եկած թեմաների օգտին: Առավել տարածված ոլորտների թվում էին էներգետիկան, իննովացիաները, տեխնոլոգիաները, կրթությունը, Հայրենիքը, Սփյուռքը և այլն: Այդ թեմաների համատեքստում կընտրվեն ներկայացումներն ու ելույթ ունեցողները: Քրիստինե Սարգսյանի խոսքով, ներկա պահին բանակցություններ են ընթանում ինչպես միջազգային ճանաչում ունեցող փորձագետների, այնպես էլ հետաքրքիր զեկուցողների հետ, ովքեր դեռևս այնքան էլ լայն ճանաչում չունեն: «Մենք կփորձենք հավասար քանակությամբ խոսնակներ հրավիրել Հայաստանից, արտասահմանից և հայկական Սփյուռքի ներկայացուցիչներից»,- նշել է Քրիստինե Սարգսյանը: Ծրագրվում է, որ խորհրդաժողովի ընթացքում 20-25 ներկայացում կլինի, որոնցից յուրաքանչյուրի համար կտրվի 3-10 րոպե ժամանակ, և միայն բացառիկ դեպքերում ելույթը կարող է տևել 18 րոպե: TEDx-ը ամերիկյան TED (Technology Entertainment Design – Տեխնոլոգիաներ, Ժամանց, Դիզայն) հիմնադրամի ոչ պաշտոնական ծրագիրն է: Սկսած 1984 թվականից հիմնադրամն ամենամյա խորհրդաժողովներ է անցկացնում, որոնք մեկ բեմում են հավաքում գիտնականների, քաղաքական գործիչների, ձեռնարկատերերի, նկարիչների, երաժիշտների, ինժեներների և շատ ուրիշների: TED-ի դասախոսների թվում են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ քլինթոնը, նոբելյան մրցանակի դափնեկիրներ Ջեյմս Ուոթսոնն ու Մյուրրեյ Գելլ-Մաննը, , Wikipedia-ի հիմնադիր Ջիմմի Ուեյլսը, Google-ի հիմնադիրներ Լարրի Փեյջն ու Սերգեյ Բրինը, ինչպես նաև Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսը: Հայաստանում TEDx կազմակերպությանն աջակցում են Civilitas Հիմնադրամն ու «Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության» հասարակական կազմակերպությունը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |