ԱԼԻԵՒԸ ԵՒ ՇԵՒԱՐԴՆԱՁԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ

PanARMENIAN.Net - Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Էդուարդ Շեւարդնաձեն եւ Հեյդար Ալիեւը ստորագրել են Քաղաքական հռչակագիր, որտեղ հայտարարել են երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների հատուկ բնույթի մասին: Ինչպես տեղեկացնում է CNA գործակալությունը, անցած հանգստյան օրերին Շեւարդնաձեի Բաքու կատարած պաշտոնական այցի ժամանակ ստորագրված փաստաթղթում, կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել անվտանգության հարցերում, որտեղ ընդգրկվում է նաեւ ահաբեկչության դեմ համատեղ պայքարը: Շեւարդնաձեի խոսքերով, այժմ, Ադրբեջանը եւ Վրաստանը, որպես ռազմավարական գործընկերներ տարածքաշրջանում, ավելի մեծ ուշադրություն կհատկացնեն պաշտպանունակության հարցերին: Ըստ նրա, ունենալով մասնագիտորեն պատրաստված բանակ, յուրաքանչյուր երկիր կարող է առանց ուժի դիմելու հաղթել անջատվողականությունը, զինվորական գործոնը բանակցությունների ժամանակ օգտագործելով որպես ճնշման գործիք: Հռչակագրում հատկապես նշվում է էներգետիկական նախագծերի կարեւորագույն դերը տարածքաշրջանում իրավիճակի կայունացման հարցում: Այդ առումով, ընդգծվում է նաեւ շաբաթ օրը ստորագրված միջկառավարական համաձայնագիրը` Կասպից ծովի «Շահ-Դենիզ» հանքավայրից Թուրքիա բնական գազի տեղափոխման մասին: Հանրագումարային մամլո-ասուլիսում Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահները հայտնեցին, որ 2004 թվականի երկրորդ կեսին ադրբեջանական գազը, BP ընկերության կողմից ներկայումս նախագծվող «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազամուղով, կհասնի Թուրքիայի սպառողներին: Արտահանվող գազի սկզբնական ծավալը կկազմի ընդհամենը 2-4 մլրդ. խ/մ մեկ տարում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---