Սերժ Սարգսյան. Թուրքիան հետ կանգնեց իր ստանձնած պարտավորություններից

Սերժ Սարգսյան. Թուրքիան հետ կանգնեց իր ստանձնած պարտավորություններից

PanARMENIAN.Net - Գերմանիայում ընթացող այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 22-ին ելույթ է ունեցել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում: Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնության հետևանքով տեղի ունեցած զարգացումների փորձառության մասին` նա ասել է. «Այն մտահոգությունները, որ այսօր ես հնչեցնում եմ տարածաշրջանի անվտանգության խնդիրների առումով, մեծապես առաջնորդում էին մեզ նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը հռչակելիս: Դա և՛ տարածաշրջանային ընդհանուր ապագայի մասին մտահոգությունն էր, և՛ բաժանարար գծերի վերացումն ու երկխոսության մթնոլորտի հաստատումը, և՛ տնտեսական համագործակցության խթանումը` որպես նաև հետագայում քաղաքական խնդիրների լուծման համար բարենպաստ դաշտի ստեղծման գրավական: Ինչու՞ մեր նախաձեռնությունը չպսակվեց հաջողությամբ: Թուրքիան հետ կանգնեց իր ստանձնած պարտավորություններից և ոչ միայն չվավերացրեց ստորագրված արձանագրությունները, այլև վերադարձավ գործընթացից առաջ որդեգրած իր հին դիրքերին. նախապայմանների, թելադրանքի և անգամ սպառնալիքների լեզվին: Մինչև օրս էլ Եվրոպայի միակ փակ, հայ-թուրքական սահմանը մնում է այդպիսին»:

«Անշուշտ, թուրքական կողմից Հայաստան-Թուրքիա կարգավորման տապալումը կարող է բացատրվել քաղաքական ղեկավարության անկարողությամբ կամ չկամությամբ, միգուցե նաև այլևայլ հաշվարկներ ունենալու հանգամանքով. մի քանի վերլուծաբաններ թերևս ավելացնեն նաև ադրբեջանական ճնշման գործոնը: Որոշ արևմտյան վերլուծաբաններ ինձ փորձում էին համոզել, որ սա ժամանակավոր երևույթ է, ներքին ընտրական գործընթացների սպառման համար: Միգուցե, ժամանակը ցույց կտա: Ավելի խորքային վերլուծությունը բերում է մեկ եզրակացության` մեր տարածաշրջանում դեռևս խորապես առկա են դիմացինի հաշվին խնդիրները լուծելու, “ես ուժեղ եմ, հետևաբար ես եմ թելադրելու լուծումները” մոտեցումները: “Հարևանների հետ զրոյական խնդիրների քաղաքականությունը” զրոյական արդյունքներ է տալիս: Եվ այդպես կլինի այնքան ժամանակ, որքան Թուրքիան շարունակի իր շահը փնտրել մեր տարածաշրջանում շահերի բախման, այլ ոչ թե համադրման համատեքստում»,-ասել է Հայաստանի նախագահը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---