Գազայի ապաշրջափակման համար պայքարող Թուրքիան պետք է դադարեցնի Հայաստանի անօրինական շրջափակումը

PanARMENIAN.Net - Վերջին շրջանում Թուրքիան սկսել է ակտիվ գործողություններ ծավալել Գազայի հատվածի ապաշրջափակման ուղղությամբ: «Մենք եւս գտնում ենք, որ Գազայի բնակչությունը աշխարհի հետ ազատ հաղորդակցման եւ բաց սահմաններ ունենալու իրավունք ունի: Սակայն տարակուսանք է հարուցում այն հանգամանքը, որ Գազայի սահմանների ապաշրջափակման ուղղությամբ պայքարում է Թուրքիան, որը 1993-ին, փակելով հայ-թուրքական սահմանը, միջազգային հանրության լռելյայն անտարբերության ներքո մինչ օրս շրջափակման մեջ է պահում Հայաստանը»,-ասվում է Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միության հայտարարության մեջ:

Հիմնվելով վերոնշյալի վրա` «Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միությունը կոչ է անում եվրոպական, ամերիկյան եւ միջազգային այլ խաղաղասիրական կազմակերպություններին` լայն արշավ սկսել մարդասիրական ապրանքներով և դեղորայքով բեռնված «Խաղաղության քարավան» ձեւավորելու ուղղությամբ, որի մեկնակետը կլինի Աթենք քաղաքը եւ որը, անցնելով Ստամբուլ-Ղարս-Գյումրու երթուղով, խորհրդանշական օգնություն կհասցնի 1988թ. երկրաշարժից տուժած եւ մինչ օրս չվերականգնված աղետի գոտու առավել կարիքավոր բնակչությանը:

Գազայի ապաշրջափակման համար պայքարող եւ այդ տարածաշրջան խաղաղության քարավան ուղարկող Թուրքիան պետք է օր առաջ դադարեցնի Հայաստանի անօրինական շրջափակումը եւ բացի իր սահմանները խաղաղության քարավանի առջեւ:

 Ուշագրավ
---