Տեղեկատվական դաշտում Հայաստանը պատրաստ է դիմակայել Բաքվի սադրանքներին

Տեղեկատվական դաշտում Հայաստանը պատրաստ է դիմակայել Բաքվի սադրանքներին

PanARMENIAN.Net - ԼՂՀ և Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցած միջադեպի լուսաբանման և տեղեկատվական արտացոլման հարցում հայկական կողմը ցուցաբերեց աննման միասնականություն, կոլեգիալ փոխհամագործակցություն, ինչը թույլ տվեց հայկական կողմի տեսակետներն ու մոտեցումները շրջանառության մեջ դնել միջազգային լրատվադաշտում: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի PR ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանը: Ըստ նրա, ադրբեջանական կողմը, ինչպես միշտ պատահում է նման դեպքերում, հայտնվեց խուճապի մեջ` առաջ քաշելով իրարամերժ հայտարարություններ: «Բաքուն անհասկանալի վարքագիծ ցուցաբերեց: Ադրբեջանում հասկացան, որ տանուլ են տալիս տեղեկատվական գործընթացը, մինչդեռ հայկական կողմը միավորվեց արտաքին սպառնալիքի դեմ»,- ասաց նա:

Փորձագետի գնահատմամբ, թուրքական մամուլում այս միջադեպի առնչությամբ տեղ գտած հրապարակումները ևս մեկ անգամ ծաղրելի են դարձնում Թուրքիայի այն հայտարարությունները, թե իբր Անկարան կարող է օբյեկտիվ միջնորդ լինել ղարաբաղյան հարցում: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` Արման Սաղաթելյանը նշեց, որ պետական մարմինների արագ աշխատանքը վերջին միջադեպի շուրջ թույլ է տալիս միանշանակորեն ասել, որ Հայաստանը հաղթանակ տարավ տեղեկատվական պատերազմի այս փուլում և ցույց տվեց աշխարհին ադրբեջանական սադրանքը: Նա ավելացրեց, որ միայն նավթադոլարներով ստացված գումարները բավարար չեն ճիշտ տեղեկատվական քարոզչություն իրականացնելու համար, քանի որ դրա համար անհրաժեշտ է միասնական և կոլեկտիվ աշխատանք: Նա համոզմունք հայտնեց, որ ցանկացած նման սադրանքների կրկնության դեպքում Հայաստանի տեղեկատվական համակարգը պատրաստ է դիմակայել հակառակորդին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---