Թուրքիայի և մասնավորապես Ստամբուլի հայությունը պատանդ է թուրք իշխանությունների ձեռքում

Թուրքիայի և մասնավորապես Ստամբուլի հայությունը պատանդ է թուրք իշխանությունների ձեռքում

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցություններում կտրուկ փոփոխություններ սպասելու նախանշաններ չկան: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, բանակցությունների սեղանին են գտնվում պետերբուրգյան առաջարկները, որոնք կարծես թե ընդունելի են երկու կողմերի համար: «Օգոստոսին սպասվող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան կստիպի Ադրբեջանին ավելի լուրջ վերաբերվել զինադադարի պահպանմանը: Գնահատելով ԱՄՆ պետքարտուղարի այցը տարածաշրջան և նրա այցը Ծիծեռնակաբերդ Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ սա բացահայտ ուղերձ էր Թուրքիային, ըստ որի ԱՄՆ-ն մի օր կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նրա խոսքերով, Քլինթոնի այցը նպատակ էր հետապնդում զսպելու Ադրբեջանին հնարավոր ռազմական գործողություններից Ղարաբաղում:

Անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին` Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծեց, որ մինչ խորհրդարանական ընտրությունները որևէ տեղաշարժ չի լինի: Ռուբեն Սաֆրաստյանը ուշադրությունը սևեռեց Թուրքիայում ահագնացող հակաքրիստոնեական տրամադրությունների վրա` նշելով, որ Թուրքիայում հեշտ չէր լինել ու մնալ հայ: «Երբևէ չի կարելի բացառել, որ թուրքական իշխանությունները կդիմեն կոպիտ միջոցների տեղի հայության նկատմամբ և կկրկնեն հայության ջարդը: Թուրքիայի և մասնավորապես Ստամբուլի հայությունը պատանդ է թուրք իշխանությունների ձեռքում»,-ասաց նա: Ըստ փորձագետի կանխատեսման մինչև սեպտեմբեր ոչ ղարաբաղյան, ոչ հայ-թուրքական գործընթացներում առաջընթաց չի լինի:

 Ուշագրավ
---