Քշիշտոֆ Զանուսի. Ես որոշակի կապ եմ զգում հայկական մշակույթի հետ

Քշիշտոֆ Զանուսի. Ես որոշակի կապ եմ զգում հայկական մշակույթի հետ

PanARMENIAN.Net - «Շատ ուրախ եմ հերթական անգամ Երևանում գտնվելու համար: Ես որոշակի կապ եմ զգում հայկական մշակույթի հետ»,- ասել է լեհ անվանի ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում կայացած մամլո ասուլիսում: Նա նշել է, որ Լեհաստանում միշտ մեծ հայկական համայնք է եղել, և մինչև հիմա յուրաքանչյուր լեհ երազում է ամուսնանալ հայուհու հետ, որպեսզի նրանց երեխաները գեղեցիկ աչքեր ունենան:

Գնահատելով «Ոսկե ծիրան» փառատոնը` Զանուսին նշեց, որ այլ առանձնանում է կինոյի և փառատոնի նկատմամբ հանդիսատեսի մեծ հետաքրքրությամբ, ինչի մասին վկայում են լեփ-լեցուն դահլիճները: «Ես տեսնում եմ փառատոնի նշանակությունը քաղաքի և երկրի համար: Վերջերս ես ներկա էի մեկ այլ փառատոնի. այնտեղ ինձ փայլուն ընդունելություն ցույց տվեցին, սակայն, հանդիսատեսի հետաքրքրությունը կինոյի նկատմամբ բացակայում էր»,- ասել է Զանուսին:

Խոսելով Երևանի մասին` նա նշեց, որ չի կարող Երևանը համարել իր տեսած քաղաքներից ամենագեղեցիկը, սակայն դա այն հազվադեպ քաղաքներից է, որին չի փչացրել ստալինյան ռեժիմը:

Քշիշտոֆ Զանուսի

Քշիշտոֆ Զանուսի` կինոյի, հեռուստատեսության և թատրոնի անվանի լեհ ռեժսիոր, սցենարիստ, դասախոս:
Քշիշտոֆ Զանուսին ծնվել է 1939թ. Վարշավայում: 1955-59 թթ. ֆիզիկա է ուսանել Վարշավայի համալսարանում, 1956-57-ին` կինոդասընթացների հաճախել Լեհաստանի գիտությունների ակադեմիային կից Արվեստի ինստիտուտում: 1959-ին ընդունվել է Կրակովի Յագելոնյան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, բայց չի ավարտել 1963-ին համալսարանի փակվելու պատճառով: 1960-ին ընդունվել է Լոձի կինոդպրոցի ռեժիսորական բաժինը, որն ավարտել է 1966-ին: Այդ ժամանակից ի վեր նկարահանել է բազմաթիվ վավերագրական, խաղարկային կինոֆիլմեր եւ հեռուստաֆիլմեր թե Լեհաստանում, թե արտասահմանում: Ինքն է գրում իր ֆիլմերի սցենարները կամ դրանց համահեղինակն է: 1974-1981 թթ. եղել է Լեհաստանի կինեմատոգրաֆիստների միության փոխնախագահը: 1979-ից «Տոր» ստեղծագործական միավորման (այժմ` «Տոր» կինոստուդիա) տնօրենն է: Շատ ու շատ կարեւոր ֆիլմեր է թողարկել, այդ թվում` ընկերոջ` Քշիշտոֆ Կեսլյովսկու ուշ շրջանի գործերը: 1994-ին դարձել է Վատիկանում գործող Մշակույթի հայրապետական հանձնաժողովի անդամ: 1992-ից Կատովիցեի Սիլեզյան համալսարանի պրոֆեսոր է: Մոսկովյան ՎԳԻԿ-ի, Բուխարեստի Յ. Լ. Կարաջելի անվան թատրոնի եւ կինեմատոգրաֆիայի ազգային համալսարանի, Մինսկի եվրոպական հումանիտար համալսարանի, Բուլղարիայի համալսարանի, Սանկտ Պետերբուրգի կինոյի եւ հեռուստատեսության համալսարանի, Վալենսիայի եւ Լյուբլինի կաթոլիկական համալսարանների պատվավոր դոկտոր է:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---