Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթ Վոլանդերին

PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթ Վոլանդերին:

Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ համագործակցության խորացմամբ, ինչը ոչ միայն բխում է մեր երկրի շահերից, այլև կարևոր ներդրում կարող է ունենալ ամբողջ տարածաշրջանի անվտանգության ու կայունության ամրապնդման գործում:

Անդրադառնալով միջազգային հանրության կողմից իրականացվող խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությանը, ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել միջազգային խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցության համար: Երկուստեք ընդգծել են, որ դա ոչ միայն մեծ ներդրում է միջազգային հանրության կողմից իրականացվող գործողություններին, այլև նպաստում է ՀՀ զինված ուժերի մարտունակության աճին: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում` ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա փուլին վերաբերող հարցեր: Տիկին Վոլանդերն ընդգծել է, որ ռազմական ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության մասին Միացյալ Նահանգներն իր դիքորոշումն արտահայտում է բոլոր մակարդակներում և ԱՄՆ-ը վստահ է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Հանդիպմանը կարևորվել է պաշտպանության և անվտանգության ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցության հետագա ամրապնդումը և ԱՄՆ աջակցությունը`ՀՀ զինված ուժերի արդիականացման ու բարեփոխման գործում: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---