Ազգային ժողովում տեղի ունեցավ համատեղ աշխատանքային նիստ21 հուլիսի 2010 - 20:55 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ին տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի և Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության համատեղ աշխատանքային նիստ, որին հրավիրվել էր մասնակցելու ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նիստի սկզբում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը համապարփակ տեղեկատվություն տրամադրեց Ալմաթիում տեղի ունեցած վերջին հանդիպման, ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ: Արտաքին գործերի նախարարի և երկու պատվիրակությունների անդամների միջև մտքերի փոխանակություն տեղի ունեցավ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլի, ինչպես նաև հնարավոր զարգացումների վերաբերյալ: Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր միջազգային կառույցներում Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունների և երկրի արտաքին գերատեսչության աշխատանքը համակարգելու խնդիրներին: Պատվիրակության անդամները հնչեցրին առաջարկներ, որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետ դարձնելու խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքը միջազգային տարբեր կառույցներում, ինչպես նաև ներկայացվեցին մեխանիզմներ ԱԺ-ԱԳՆ կապն առավել գործուն դարձնելու համար: Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը մանրամասներ ներկայացրեց ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության բրյուսելյան վերջին այցի վերաբերյալ` հատուկ շեշտադրելով խորհրդարանական համագործակցության խնդիրները: Պարոն Հովհաննիսյանը ներկայացրեց նաև Արևելյան գործընկերության խորհրդարանական ձևաչափի` «Եվրանեսթի» շուրջ ծավալված վերջին զարգացումները` տեղեկացնելով, որ ամենայն հավանականությամբ «Եվրանեսթը» սեպտեմբերին կգումարի առաջին նիստը: Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանը տեղեկատվություն տրամադրեց Վարշավա կատարած իր վերջին այցի վերաբերյալ, որտեղ քննարկվել է Արևելյան գործընկերության ծրագիրը: Տիկին Զոհրաբյանը տեղեկություն տրամադրեց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի` նոյեմբերին կայանալիք նիստի վերաբերյալ: Քանի որ նիստի օրակարգը չսպառվեց, պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ևս մեկ անգամ հրավիրել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին` միջխորհրդարանական դիվանագիտության խնդիրները առավել ընդգրկուն քննարկելու համար, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |