Ռիմա Վարժապետյան. Հայ-իսրայելյան հարաբերությունները զարգացման միտում ունեն

PanARMENIAN.Net - Հայ-իսրայելյան հարաբերությունները զարգացման միտում ունեն: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Հրեական համայնքի (EOA) նախագահ Ռիմա Վարժապետյանը: Նրա խոսքով, այն, որ երկրներում չկան դեսպանատներ, չի նշանակում, որ դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն: Ընդ որում, նա նշել է, որ պատճառներից մեկը, որ երկրները չունեն իրենց դեսպանատները, տնտեսականն է: Վարժապետյանը հաղորդել է նաև, որ մոտ ժամանակներս Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանը Երևան կժամանի հավատարմագրերը հանձնելու նպատակով: Ռիմա Վարժապետյանն ասել է, որ հեռու չէ այն ժամանակը, երբ դեսպանատները կհավատարմագրվեն թե’ Հայաստանում, և թե’ Իսրայելում:

Վարժապետյանի խոսքով, Երևանի կենտրոնում է գտնվում Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության աշխարհում միակ, ունիկալ հուշարձանը: Նա հաղորդել է նաև, որ դարեր շարունակ Հայաստանում պահպանվել է հրեական գերեզմանատունը: «ՀՀ կառավարության ֆինանսավորման շնորհիվ անցյալ տարի բացվեց հրեական գերեզմանատունը Եղեգնաձորում: Ես կցանկանայի նշել նաև, թե որքան հանդուրժող է հայ հասարակությունը. գերեզմանատունը չի ոչնչացվել և վանդալիզմի ոչ մի ակտեր տեղի չեն ունեցել»,- ընդգծել է EOA նախագահը:

 Ուշագրավ
---