Սեյրան Օհանյան. Ուժերի բալանսի պահպանման խդնիրը մենք լուծում ենք ոչ թե քանակական, այլ որակական գերազանցության հաշվին

Սեյրան Օհանյան. Ուժերի բալանսի պահպանման խդնիրը մենք լուծում ենք ոչ թե քանակական, այլ որակական գերազանցության հաշվին

PanARMENIAN.Net - Աշնանային զորակոչի անցկացմանը նպաստելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության նախաձեռնած համատեղ միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել համալսարանական զինակոչիկների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

«Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխիքը հայկական բանակն է, որը պաշտպանում է մեր պետականությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը»,-զինակոչիկների հետ հանդիպմանը հայտարարել է Սեյրան Օհանյանը: Նախարարը կարևորել է հայկական բանակի հզորությունը, ինչն անհրաժեշտ է տարածաշրջանում լարվածության առկայության պայմաններում: Սեյրան Օհանյանը նշել է, որ համալրելով բանակը բարձրագույն կրթությամբ երիտասարդներով, հայկական բանակը շեշտը դնում է ոչ այնքան քանակի, որքան որակի վրա: Նա նշել է, որ ծառայության ընթացքում զինվորները կստանան բոլոր անհրաժեշտ կրթական ու մարտական ունակությունները:

Անդրադառնալով ոչ կանոնադրական հարաբերություններին՝ Օհանյանն ասել է, որ մեր բանակում նման երևույթ չկա, սակայն, արվում է ամեն ինչ, որպեսզի ապագայում դա ևս բացառվի: Սակայն, ըստ նախարարի, աշխարհի բոլոր բանակներում բախվում են այդ խնդրի հետ, մասնավորապես, կարգապահության պահպանման առումով: Խոսելով սպաների ու զինվորների միջև միջադեպերի մասին, նախարարն ասել է, որ վերջին տարիներին այդ միջադեպերի քանակը նվազել է: «Միջադեպեր բանակում եղել են, կան, և ցավոք սրտի, կլինեն, սակայն մենք աշխատում ենք դրանք նվազագույնի հասցնել»,-ասել է Օհանյանը: Նա նշել է, որ նման բախումները տեղի են ունենում հիմնականում այն պատճառով, որ զինվորը չի կատարում իր պարտականությունները: Նա հավելել է նաև, որ բանակն այն վայրն է, որտեղ երիտասարդները այս կամ այն կերպով լուծում են ինքնակայացման խնդիրները:

Անդրադառնալով ծառայությունից հետո աշխատանքով ապահովելու խնդրին՝ Սեյրան Օհանյանն ասել է, որ ՊՆ-ն չի զբաղվում այդ հարցերով, սակայն լավագույն զինվորներին առաջարկվում է շարունակել ծառայությունը պայմանագրային հիմունքներով:

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե հայկական բանակի դիրքերը թուլանում են, Օհանյանն ասել է, որ այդ ադրբեջանական կողմի դիրքերն են թուլանում, որը չի կատարում իր պարտավորությունները, իսկ Հայաստանի ու ԼՂՀ-ի դիրքերը ոչ միայն չեն թուլանում, այլ ուժեղանում են: Օհանյանը նշել է նաև, որ զերծ մնալով սպառազինությունների մրցավազքից, Հայաստանը այնուամենայնիվ ձեռք է բերում նոր սպառազինություն և այդ գործընթացը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում է:

«Ուժերի բալանսի պահպանման խդնիրը մենք լուծում ենք ոչ թե քանակական, այլ որակական գերազանցության հաշվին: Կան հակառակորդի քանակային գերազանցության չեզոքացման շատ միջոցներ և մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր»,-ասել է Օհանյանը:

 Ուշագրավ
---