Աշխաբադում ընդունվեց հայ-թուրքմենական հարաբերությունների ներկա վիճակի մասին հայտարարություն

Աշխաբադում ընդունվեց հայ-թուրքմենական հարաբերությունների ներկա վիճակի մասին հայտարարություն

PanARMENIAN.Net - Աշխաբադի «Սապարմուրատ Նիյազովի» անվան միջազգային օդանավակայանում Հայաստանի Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, բարձրաստիճան հյուրերի սպասարկման սրահում նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կարճատև զրույց են ունեցել: ՀՀ նախագահի կեցավայրում ավելի ուշ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առանձնազրույցը, որին հաջորդել է Հայաստանի և Թուրքմենստանի նախագահների մասնակցությամբ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Հանդիպման ավարտին ստորագրվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հաստատմանն ուղղված փաստաթղթեր, ինչպես նաև ընդունվել է համատեղ հայտարարություն, որում գնահատական է տրված հայ-թուրքմենական հարաբերությունների ներկա վիճակին, նախանշված են քաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային կյանքի կարևորագույն ուղղություններով դրանց զարգացման հեռանկարները:

Բանակցությունների արդյունքում, մասնավորապես, ստորագրվել են Հայաստանի և Թուրքմենստանի առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության մասին, Հայաստանի կրթության և գիտության նախարարության և Թուրքմենստանի կրթության նախարարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին, Հայաստանի մշակույթի նախարարության և Թուրքմենստանի մշակույթի ու հեռուստառադիոհեռարձակման նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին, Հայաստանի և Թուրքմենստանի Կառավարությունների միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի մասին համաձայնագրերը, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի և Թուրքմենստանի Մահտումկուլիի անվան համալսարանի միջև 2010-2015թթ. համագործակցության ծրագիրը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

Հայ-թուրքմենական հարաբերություններ

Դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի ու Թուրքմենստանի միջև հաստատվել են 1992 թվականին: Երկու երկրների միջև հաստատվել են վստահելի և բարեկամական հարաբերություններ: Երկու պետությունների նախագահները 2008թ. հունիսին կայացած հեռախոսազրույցում ևս մեկ անգամ հաստատեցին կողմերի պատրաստակամությունը լայնածավալ համագործակցություն զարգացնել բոլոր ոլորտներում:

2009թ. ապրիլին տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Թուրքմենստան: Թուրքմենստան Նալբանդյանի այցից հետո երկու երկրների ԱԳ նախարարները ստորագրեցին Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին արձանագրությունը:
Մինչդեռ Հայաստանի ու Թուրքմենստանի միջև ստորագրվել է շուրջ 57 միջպետական, միջկառավարական ու միջգերատեսչական համաձայնագիր: Ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ապրանքաշրջանառությունը Թուրքմենստանի ու ՀՀ-ի միջև 2009թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 17 312 900 դոլար:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---