«Երկիր» միություն. Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը խեղաթյուրված է ներկայացնում հանուն իր իրավունքների ջավախքահայության օրինական պայքարը 8 դեկտեմբերի 2010 - 16:04 AMT PanARMENIAN.Net - WikiLeaks կայքում վերջերս տեղադրված Վրաստանում ԱՄՆ դեսպանատան զեկուցագրերից մեկում անդրադարձ կա 2006թ. մարտին Ախալքալաք քաղաքում տեղի ունեցած ցույցերին: Մասնավորապես նշվում է, որ դրանք, իբր, հրահրվել են ռուսների կողմից: Որպես դրա «ապացույց» մատնանշվում է այն հանգամանքը, որ հետագայում` արդեն ռուսական ռազմաբազան Ախալքալաքից դուրս բերելուց հետո, իբր, ջավախքահայության ելույթները դադարել են: «Երկիր» միությունը հայտարարում է, որ վերոնշյալ պնդումները որևէ առնչություն չունեն իրականության հետ և վկայում են լոկ այն բանի մասին, որ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը կամ բացարձակապես չի տիրապետում իրական փաստերին կամ էլ միտումնավոր խեղաթյուրում է դրանք: Ջավախքահայության ակտիվ ելույթների մարման իրական պատճառը 2006-08թթ. վրաց ուժային կառույցների կողմից ջավախքահայ քաղաքական ակտիվիստների նկատմամբ անօրինական համակարգային հետապնդումների իրականացումն ու հայաբնակ շրջաններում ոստիկանական ռեժիմի հաստատումն է: Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի ներկայացուցիչները, որի կազմի մեջ մտնում է և «Երկիր» միությունը, մի շարք հայտարարությունների և նամակների միջոցով, նաև անձնական հանդիպումների ընթացքում փորձել են հրավիրել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ուշադրությունը ջավախքահայության նկատմամբ վրաց իշխանությունների կողմից իրականացվող խտրական քաղաքականության դրսևորումների վրա, սակայն ապարդյուն: Ջավախքահայության իրավունքների կոպիտ ոտնահարման փաստերի նկատմամբ ԱՄՆ դեսպանատան այս անտարբեր վերաբերմունքը, հանուն իր իրավունքների պաշտպանության ջավախքահայության օրինական պայքարի խեղաթյուրված ներկայացումը վկայում է այն մասին, որ Վրաստանում ամերիկյան ներկայացչությունը ստանձնել է ազգային փոքրամասնությունների նկատմամբ Սահակաշվիլիի վարչակազմի խտրական քաղաքականությունը կոծկելու և Վրաստանի` որպես ժողովրդավարական երկրի, կեղծ պատկերը պահպանելու գործառույթը: Վրաստանում ԱՄՆ դեսպանատան այս անպատասխանատու գործելաոճը չի կարող չազդել ԱՄՆ արտաքին քաղաքականությունն իրականացնող մարմինների վրա, որոնք որոշումներ են ընդունում` հիմնվելով իրականությունը խեղաթյուրող զեկույցներից քաղված ոչ հավաստի տվյալների վրա: ԱՄՆ դեսպանատան այս պահվածքը նաև արտոնում է վրաց իշխանություններին շարունակելու ջավախքահայության նկատմամբ իրենց խտրական քաղաքականությունը, ինչը ավելացնում է դժգոհությունն ու լարվածությունը Վրաստանի հայաբնակ շրջաններում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |