ՀՀ կառավարությունում քննարկել են Կայուն զարգացման հայեցակարգը

ՀՀ կառավարությունում քննարկել են Կայուն զարգացման հայեցակարգը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Կայուն զարգացման ազգային խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ինչպես նշվում է ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, նիստում «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը հանդես է եկել զեկույցով «Ռիո+20» գործընթացի համատեքստում ՀՀ Կայուն զարգացման հայեցակարգի հիմնադրույթների` հիմնական սկզբունքների և մոտեցումների հստակեցման մասին: Մասնավորապես, նա անդրադարձել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 64-րդ նստաշրջանի որոշմամբ 2012թ. Ռիո-դե-Ժանեյրոյում կազմակերպվելիք Կայուն զարգացման համաշխարհային գագաթաժողովի խնդիրներին և քննարկվելիք թեմաներին: Խորհուրդն ի գիտություն է ընդունել զեկույցը:

Օրակարգի մեկ այլ հարցով Խորհրդին է ներկայացվել «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) գործածության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում են կենսանվտանգության ապահովման հիմնական սկզբունքները և խնդիրները: Ծավալված մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են օրենքի նախագծի մանրամասներ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է Խորհրդի անդամներին հնչեցված առաջարկությունները և դիտարկումները գրավոր ներկայացնել ՀՀ բնապահպանության նախարարություն` դրանք օրենքի նախագծում ներառելու և այն լրամշակելու համար:

Նիստի օրակարգի շրջանակում արծարծվել են նաև Կայուն զարգացման ազգային խորհրդի գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցեր: Մասնավորապես, Խորհրդի քարտուղար է ընտրվել «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը:

Տիգրան Սարգսյանը հանձնարարել է կառավարության և բոլոր նախարարությունների աշխատակազմերին աջակցել Խորհրդի քարտուղարությանը հետագա գործունեության ընթացքում: Հետագա նիստերի օրակարգի ձևավորման համար հանձնարարվել է նաև առաջարկվելիք հարցերը գրավոր ներկայացնել Խորհրդի քարտուղարություն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---