IFC-ն աջակցում է հայկական բանկերին իրենց ռիսկերի կառավարման գործում

IFC-ն աջակցում է հայկական բանկերին իրենց ռիսկերի կառավարման գործում

PanARMENIAN.Net - Միջազգային ֆինանսական ընկերակցությունը (IFC) օժանդակում է Հայաստանի բանկային համակարգի զարգացմանը` անցկացնելով վերապատրաստում բանկերի աշխատակիցների համար, որն ուղղված է Բազել II սկզբունքների վրա հիմնված ռիսկերի կառավարման մոտեցումների կիրառմանը:

Ինչպես նշվում է IFC երևանյան գրասենյակի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Բազել II-ի ուղեցույցներն օգնում են վերահսկողներին սահմանել բանկերի նվազագույն կապիտալի մեծությունը, որն անհրաժեշտ է տարբեր ֆինանսական և գործառնական ռիսկերից պաշտպանվելու համար: IFC-ի «Հայաստանի բանկային համակարգի զարգացման ծրագրի» կողմից դեկտեմբերի 17 և 18-ին կազմակերպված դասընթացը կնպաստի բանկերի ռիսկերի կառավարման ունակությունների բարելավմանը, այդպիսով ավելացնելով վերջիններիս շահութաբերությունը:

«Վերոնշյալ միջազգային ստանդարտները կարող են նպաստել ոչ միայն բանկերի կայունության ապահովմանը, այլև մեղմացնել ամբողջ հայկական ֆինանսական համակարգի ռիսկերը»,- ասաց IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը:

IFC-ն նաև մշակել և 300 օրինակից թողարկել է ձեռնարկ, որը հայաստանյան բանկերի համար կարող է հանդիսանալ ուղեցույց` հիմնելու սեփական ակտիվների և պասիվների կառավարման համակարգը: Տվյալ ձեռնարկը հնարավորություն կընձեռի բանկերին կատարելագործել իրենց գիտելիքներն իրացվելիության և տոկոսադրույքի ռիսկերի կառավարման բնագավառում: IFC-ի «Հայաստանի բանկային համակարգի զարգացման ծրագիրն» իրականացվում է Ավստրիայի և Նիդեռլադների կառավարությունների հետ համագործակցությամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---