Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցավ տարեվերջյան խորհրդակցություն

Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցավ տարեվերջյան խորհրդակցություն

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ այս տարվա վերջին խորհրդակցությունը:

Քննարկվեցին 2011թ. համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները: 2011թ. դեկտեմբերի 28-ի դրությամբ սեփական եկամուտների կատարողականը կազմել է 92, 3 տոկոս կամ 23,1 մլրդ դրամ, աճը 6,6 տոկոս է կամ 1,4 մլրդ դրամ:

Այնուամենայնիվ, փոխվարչապետը ոչ բավարար համարեց հատկապես հողի հարկի հավաքագրման ուղղությամբ աշխատանքները, քանի որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշները բացարձակ թվերով նվազել են: Մարզպետները նշված հարկատեսակի ցածր հավաքագրումների պատճառը համարեցին անբարենպաստ գյուղատնտեսական տարին, ինչն անմիջականորեն անդրադարձել է գյուղացիների եկամուտների վրա:

Գույքահարկի կատարողականը կազմել է 98,7` աճելով 6 տոկոսով: Միաժամանակ բարելավվել է պետական, տեղական տուրքերի և գույքի վարձակալությունից գանձվող եկամուտների հավաքագրման մակարդակը:

Փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը հրավիրեց նաև ընթացիկ տարվա աշխատավարձային պարտավորությունների` մինչև դեկտեմբերի 30-ն իրականացմանը: Մասնավորապես դեկտեմբերի 28-ի դրությամբ Շիրակի մարզում ընթացիկ տարվա աշխատավարձի պարտքը կազմում է 47 մլն դրամ, որից Գյումրիի պարտքը` 43 մլն դրամ, Արագածոտն ունի 1,5 մլն դրամի, Գեղարքունիքը ` 486 հազ. դրամի պարտք: Արձանագրվեց, որ ՀՀ համայնքների նախորդ տարիների կուտակած աշխատավարձերի պարտքից տարվա ընթացքում մարվել է 449 մլն դրամը, դեռևս մարման ենթակա է 397 դրամը: Նշենք, որ 2008 հունվարի 1-ի դրությամբ պարտքը կազմել է շուրջ 2,3 մլրդ դրամ:

Ա. Գևորգյանն անդրադարձավ նաև համայնքային բյուջեների ընդունման ընթացքին` առաջարկելով մինչև դեկտեմբերի 30-ը գործընթացն ամբողջությամբ ավարտել, հաղորդում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---